Վաշինգտոնը, ինչպես և Մոսկվան, հետաքրքրված չէ, որ արմատական տարրերը քանդեն Սիրիայում պետական ինստիտուտները: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Բրեննանը Միջազգային հարաբերությունների հարցերով նյույորքյան խորհրդում ելույթի ժամանակ:
«Մեզնից ոչ մեկը, ես նկատի ունեմ Ռուսաստանին, ԱՄՆ-ին, կոալիցիայի անդամ երկրներին և տարածաշրջանային պետություններին, Դամասկոսում կառավարության և քաղաքական ինստիտուտների կոլապս չի ուզում,- ասել է Բրեննանը:- Մենք կուզենայինք, որ ապագայում Դամասկոսում իշխանությունը ներկայացուցչական կառավարություն ունենա, որը կփորձեր մեղմել թշնամանքը երկրում»:
Նրա խոսքով՝ «երկրում ծայրահեղաբար տրամադրված մեծաթիվ տարրեր կան, և վերջին բանը, որ կուզենար ԱՄՆ-ը, նրանց թույլ տալն է գրավել Դամասկոսը»: «Ահա թե սիրիական ընդդիմության շարքերում ինչու են կարևոր այն ուժերը, որոնք ծայրահեղաբար տրամադրված չեն»,- ասել է Բրեննանը: