Միջազգային 

Հունաստանից հետո եվրոգոտին կարող է լքել եւս 3 երկիր

Հունաստանի պաշտպանության նախարար, «Անկախ հույներ» աջակողմյան իշխող կոալիցիայի ղեկավար Պանոս Կամենոսի կանխատեսումների համաձայն՝ եվրոգուտուց Հունաստանի հեռանալու դեպքում եւս 3 պետություն կլքի այն։ 

Կամենոսը գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իտալիան ու Իսպանիան կլինեն հաջորդը, որից հետո եվրոգոտին կլքի նաեւ Գերմանիան։ Իրադարձությունների նման ելքից խուսափելու համար նախարարը  կարծում է, որ անհրաժեշտ է օգնել Հունաստանին հաղթահարել ճգնաժամը։ «Մեզ համար անընդունելի է այն որոշումը, որով Աթենքը ավելի ու ավելի շատ հարկեր պետք է վճարի»,- հայտարարել է նա։

Կամենոսը նշել է, որ Հունաստանը ֆինանսական աջակցության 3-րդ փաթեթի կարիքը չունի։ Ճգնաժամը հաղթահարելու համար պարզապես անհրաժեշտ է երկարաձգել վարկի մարման ժամկետը, փոխանցում է Lenta-ն։

Բացի այդ, նա նշել է, որ պաշտպանում է Գերմանիայից Երկրորդ համաշխարհային պատերազմից հասցրած վնասի դիմաց փոխհատուցում ստանալու գաղափարը։ «Հունաստանից բացի, բոլոր եվրոպական երկրները, Գերմանիայից նացիստների գործողությունների դիմաց փոխհատուցում են ստացել»,- հայտարարել է Կամենոսը՝ նշելով, որ քառամյա օկուպացիայի դիմաց փոխհատուցում վճարելը Բեռլինի պատմական պարտավորությունն է։

Նույն շարքից