Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է երկրի արեւելքում պաշտպանական հզոր կառույցների ստեղծման անհրաժեշտության մասին: Ուկրաինական նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, Պորոշենկոն այս մասին խոսել է մարզային վարչակազմերի ղեկավարների հետ խորհրդակցության ժամանակ:
Նախագահն ընդգծել է, որ յուրաքանչյուր տարածաշրջան պետք է իր ներդրումն ունենա:
Մեկնաբանելով հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ Մինսկի փետրվարյան համաձայնությունները՝ Պյոտր Պորոշենկոն նշել է, որ այդ գործընթացը «ոչ մի դեպքում չպետք է որեւէ մեկի մոտ մտայնություն ստեղծի, թե սպառնալիքը վերացել կամ նվազել է»:
«Իրավիճակը հստակ եւ համակարգված գործողություններ է պահանջում, որոնք կտրուկ կերպով կավելացնեն զինված ուժերի պաշտպանունակությունը, մեր պետության պաշտպանության հնարավորությունները»,- ամփոփել է նա:
Ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ համաձայնությունները ձեռք են բերվել փետրվարի 12-ին, Մինսկում: Դրանք ներառում են հրադադարի հաստատում, ճակատային գծից հրետանու դուրսբերում եւ գերիների փոխանակում: