Չինաստանը մարտի վերջին կներկայացնի Մետաքսե ճանապարհի տնտեսական գոտու կառուցման «մեկ գոտի–մեկ ուղի» նախաձեռնության իրականացման ճանապարհային քարտեզը։ Այն պետք է Չինաստանը կապի Եվրոպայի երկրների հետ, ամրապնդի Ասիայի և Աֆրիկայի համագործակցությունը։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին գրում է Սինհուան գործակալությունը` հղում անելով սեփական աղբյուրին։
Տեղեկատվության համաձայն` ծրագիրը կներկայացվի «Ասիայի նոր ապագան. մեկ ճակատագիր ունեցող հասարակությանն ընդառաջ» («Asia's New Future: Toward a Community of Common Destiny») թեմայով մարտի 26–29–ը Բոաոյում նախատեսված ամենամյա տնտեսական համաժողովի ժամանակ։ Որպես կանոն` համաժողովին մասնակցում են տնտեսական վերնախավը, Ասիայի գործարարներն ու փորձագետները։ Սպասվում է, որ համաժողովին կմասնակցի նաև ՉԺՀ–ի առաջնորդ Սի Ցզինպինը։
Ծրագիրը ներառում է ենթակառուցվածքային նախագծերի ցանկ, որոնց թվում են երկաթուղիները, ավտոմայրուղիները, էներգետիկայի ոլորտի նախագծեր ու արդյունաբերական պարկերը, որոնց շինարարությունը կսկսվի առաջիկա տարիներին, հաղորդել է աղբյուրը։ Նախագծերը, որոնց թիվը կարող է հասնել մի քանի հարյուրի, կիրականացվեն Ղազախստանում, Ղրղըզստանում, Տաջիկստանում, Պակիստանում և Չինաստանի մյուս հարևան երկրներում։