Միջազգային 

Եվրամիության յոթ երկրները դեմ են նոր հակառուսական պատժամիջոցներին. գործակալություն

Մոսկվա այցելած Իտալիայի, Հունաստանի, Կիպրոսի, ինչպես նաև Իսպանիայի, Ավստրիայի, Հունգարիայի և Սլովակիայի առաջնորդները, ամենայն հավանականությամբ, չեն աջակցի Ռուսաստանի դեմ առաջարկվող նոր պատժամիջոցներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Bloomberg գործակալությանը։



Փետրվարի վերջին Մոսկվա է այցելել Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը, մարտի սկզբին` Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին, իսկ ապրիլի սկզբին Ռուսաստան պետք է այցելի Հունաստանի վարչապետ Ալեկսիս Ցիպրասը։ Այս երեք երկրները, ինչպես նաև Հունգարիան, Սլովակիան, Ավստրիան և Իսպանիան ավելի վաղ դեմ են հանդես եկել Ռուսաստանի նկատմամբ նախատեսվող «ուկրաինական» պատժամիջոցներին։



«Պատժամիջոցների դեմ հանդես եկող երկրների դաշինքը» Բրյուսելում հինգշաբթի մեկնարկող ԵՄ երկօրյա գագաթնաժողովի ժամանակ կփորձի դեմ հանդես գալ Մոսկվայի նկատմամբ նախատեսվող նոր սահմանափակող միջոցներին, հաղորդում է գործակալությունը։



«Իրադարձությունների հավանական զարգացումը ենթադրում է, որ այդ երկրները չեն համաձայնվի երկարացնել պատժամիջոցերը և կհետաձգեն որոշումը մինչև վերջին պահը, երբ պատժամիջոցների ժամկետը կլրանա», – գործակալությանը հայտարարել է Լոնդոնի եվրոպական բարեփոխումների կենտրոնի արտաքին քաղաքականության հարցերով տնօրեն Իան Բոնդը։



«Պատժամիջոցների դեմ հանդես եկող երկրների ճամբարի վստահությունը, կարծես, աճում է», – Bloomberg-ին ասել է Բրյուսելի եվրոպական քաղաքականության ուսումնասիրության կենտրոնի ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով առաջատար փորձագետ Սթիվն Բլոկմանսը։




Նույն շարքից