Ձերբակալված ադրբեջանցի իրավապաշտպան Թալեհ Հասմամեդովը ծանր վիճակում գտնվում է երկրի արդարադատության նախարարության բուժհաստատությունում: Այդ մասին Turan գործակալությանն ասել է ձերբակալված իրավապաշտպանի մայրը, ով բանտային հիվանդանոցում այցելել է որդուն:
Նա հաստատել է տեղեկությունը, որ որդին 10 օր հացադուլ է արել և կտրել է երակները՝ ի նշան իր անօրինական ձերբակալության դեմ բողոքի:
Մայրը նշել է, որ որդին դժգոհել է անմարդկային վերաբերմունքից: Ձերբակալման պահից (20 օր) թույլ չեն տվել նրան տնից սնունդ և դեղորայք փոխանցել, և բժիշկ չեն կանչել: Նա եղել է ձերբակալման պահին հագած հագուստով, մաքուր հագուստ չեն փոխանցել, թույլ չեն տվել լողանալ կամ տուն զանգահարել:
10 օր առաջ նա հացադուլ էր սկսել և տեղափոխվել էր հոգեբուժարան: Այնտեղ նա կտրել է երակները, և երկու օր առաջ նրան հոսպիտալացրել են: Միայն այստեղ են նրան նորմալ վերաբերմունք ցույց տվել, այն էլ միայն այն բանից հետո, երբ լրատվամիջոցները գրել են, որ նա կտրել է երակները: