Տնտեսություն 

Արտադրության մի շարք ճյուղերում աճ է գրանցվել

analitik.am

Այս տարվա առաջին 8 ամիսներին, ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, Հայաստանում մի շարք ապրանքատեսակների արտադրության զգալի աճ է գրանցվել:  Մասնավորապես, հունվար-օգոստոսին Հայաստանում սիգարետի արտադրության ծավալը, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ,  աճել է 60 տոկոսով: Ընդհանուր առմամբ արտադրվել է  7 մլրդ 538.9 մլն հատ սիգարետ:


Առաջին 8 ամիսներին ավելացել են նաև գարեջրի, շամպայնի և օղու արտադրության ծավալները: Օղու արտադրությունն աճել է 8,2 տոկոսով` կազմելով 5 մլն 947.8 հազար լիտր, գարեջրինը՝ 44,3 տոկոսով (ընդհանուր կազմել է 18 մլն 424.4 հազար լիտր), իսկ շամպայնի արտադրությունը՝ 22,4 տոկոսով  (կազմել է 211 հազար լիտր):


Նշված ժամանակաշրջանոմ 50,3 տոկոսով ամելացել է աղբյուրի ջրի և 55,6 տոկոսով` հանքային ջրերի արտադրությունը: Արդյունքում աղբյուրի ջրի ծավալը կազմել է  21 մլն 299.1 հազար, իսկ  հանքային ջրինը՝ 34 մլն 395.8 հազար լիտր:


Ավելացել է նաև ոչ ալկոհոլային խմիչքների և բնական հյութերի արտադրությունը՝ համապատասխանաբար 8,2 և 37,3 տոկոսով: Բնական հյութերի արտադրության ծավալը կազմել է 12 մլն 52.5 հազար լիտր, իսկ  ոչ ալկոհոլային խմիչքներինը՝ 48 մլն 450.7 հազար լիտր:


Այս տարվա հունվար-օգոստոսին, սակայն, նվազել են գինու և կոնյակի արտադրության ծավալները: Մասնավորապես, այս ժամանակաշրջանում Հայաստանում արտադրվել է 9 մլն 893.8 հազար լիտր կոնյակ, որի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 11,4 տոկոսով: Իսկ գինու արտադրության ծավալը նշված ժամանակահատվածում նվազել է 8,9 տոկոսով` կազմելով 3 մլն 209.7 հազար լիտր:


Այս ժամանակահատվածում Հայաստանում սննդամթերքի արտադրության ծավալները ևս զգալիորեն ավելացել են: Ալյուրի արտադրությունն, օրինակ, աճել է 45,2 տոկոսով` կազմելով 134,6 հազար տոննա, մակարոնեղենինը` 21 տոկոսով (կազմել է մոտ 3 հազար տոննա): Ավելի քան կրկնակի աճել է կենդանական յուղի արտադրությունը՝ կազմելով  781.5 տոննա:


Աճել է նաև շաքարավազի արտադրությունը՝  37 տոկոսով և կազմել է 44 հազար 928 տոննա,  մսեղենը՝12.6 տոկոսով, կաթը՝ 5.7 տոկոսով, պաղպաղակը՝ 53.3 տոկոսով:

Կրճատվել են, սակայն, թթվասերի, կաթնաշոռի և հացի արտադրության ծավալները: Թթվասերի արտադրությունը կրճատվել է 19.8 տոկոսով` կազմելով շուրջ 2 տոննա, կաթնաշոռի արտադրությունը` 7.6 տոկոսով` կազմելով 600.3 տոննա: Հացի արտադրության ծավալները հունվար-օգոստոսին կրճատվել են 2.4 տոկոսով և կազմել 195 հազար տոննա:

Նույն շարքից