Միջազգային 

Տիգրան Սարգսյանի՝ 2010թ. չկայացած այցը Իսրայել և «իրանական գրիպը». Jns.org

Պատմականորեն Երուսաղեմը միշտ էլ ցանկալի է եղել բազմաթիվ տարածաշրջանային և համաշխարհային տերությունների աշխարհաքաղաքական հաշվարկներում: Համաշխարհային կրոնական մրցակցությունը Իսրայելի մայրաքաղաքի սրբավայրերին տիրանալու և դրանց նկատմամբ վերահսկողություն ստանալու համար համառ կերպով շարունակվում է: Երուսաղեմի Հին քաղաքի և այդ սրբավայրերի կարգավիճակը նաև արաբա-իսրայելական հակամարտության մեջ ամենափշոտ հարցերից է, իսրայելական jns.org կայքում գրում է Ալեքսանդր Մըրնիսոնը:



Այս ձգձգված դրամայի վերջին դրվագում ներգրավվել են նաև Հայաստանի Հանրապետությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունը: 2010թ. փետրվարին Հայաստանի ղեկավարության կողմից այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ Երուսաղեմ կատարվելիք այցի առեղծվածային չեղարկումը մինչ այժմ մտահոգությունների տեղիք է տալիս Իսրայելի կառավարության մոտ:



Սարգսյանի այցի չեղարկումից հետո մինչև վերջերս Հայաստանի կառավարությունը ոչ մի պատվիրակություն չէր ուղարկել Իսրայել: Ընդհակառակը, Հայաստանի հարևան Ադրբեջանի Հանրապետությունը մի շարք բարձր մակարդակով պատվիրակություններ է ուղարկել, այդ թվում նախարարների, խորհրդարանականների և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի մասնակցությամբ:



Մի փոքր զգուշանալու տեղիք է տալիս այն հանգամանքը, որ մարտի 5-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ժամանեց Իսրայել, ինչը Իսրայելի արտգործնախարարությունում բնութագրեցին որպես «մասնավոր այց», շարունակում է հոդվածագիրը: Հաղորդվում էր, որ Նալբանդյանը վճռական հակաթուրքական և հակաադրբեջանական ծրագիր ուներ: «Նալբանդյանը ջերմ ընդունելություն չստացավ՝ հայկական մեդիայում լավ մշակված և գնալով աճող հակասեմական ալիքի, ինչպես նաև պետության կողմից հովանավորվող բեղուն հակաիսրայելական քարոզչության պատճառով, ինչը, ի դեպ, Հայաստանն այդքան սիրելի է դարձնում Իրանի համար»,- գրում է Մըրնիսոնը:



Ի՞նչն էր Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի այցի չեղարկման իրական պատճառը, հարցադրում է կատարում հեղինակը: Ուշագրավ է, որ 2010թ. փետրվարի կեսերին, Երևանն Իսրայելին տեղեկացրեց, որ Սարգսյանը հիվանդացել է գրիպով և ի վիճակի չէ ճանապարհորդել: Երուսաղեմի այլ դիվանագիտական աղբյուրներ նշում էին, որ գրիպը Հայաստանի վարչապետին «տարօրինակ կերպով դիպչել է Իրանի նախագահի խորհրդական Մեհդի Մոսթաֆավիի հետ հանդիպումից հետո»: Մոտավորապես նույն ժամանակ Երևանում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սագայանը հայտարարեց, որ Իրանը հանդես կգա որպես միջնորդ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում: Սրան նախորդել էր այն ժամանակվա տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի այցը Թեհրան, ով կարգավորել էր մի շարք երկկողմ ռազմավարական նախագծեր, Հայաստանի պաշտպանության նախարարի այցը Իրան, և Իրանի դիվանագիտական պատվիրակության ղեկավարի այցը Երևան:



Համաձայն Երուսաղեմից եկած տեղեկության՝ Թեհրանը վախենում էր, որ Իսրայելը կփորձի բանակցել Հայաստանի կառավարության ղեկավարի հետ իրանական հարցում մարտավարական համագործակցության շուրջ, շարունակում է հոդվածագիրը: Չնայած Իրանը մնում է Երևանի գլխավոր տարածաշրջանային գործընկերը՝ Հայաստանի համար պակաս կարևոր չէ Երուսաղեմի սրբավայրերի նկատմամբ վերահսկողության հարցը:



Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանի վերահսկողության տակ են գտնվում քաղաքում բազմաթիվ սրբավայրեր (այդ թվում Սուրբ Հարության տաճարի մի մասը): Երուսաղեմի հայկական թաղամասը, որտեղ ապրում է շուրջ 2500 մարդ, Մերձավոր Արևելքում հայկական ազդեցիկ սփյուռքի (Լիբանան, Սիրիա, Իրան) հոգևոր կենտրոնն է: Այս թաղամասն անգամ Մերձավոր Արևելքի քաղաքական գործիչների համար ծառայում է որպես «հայկական գործոնը» տանող բանալի: Հայերի համար այս սրբավայրերի հարցը հատկապես զգայուն է, քանի որ հույների հետ երկարատև դիմակայության արդյունքում նրանք մասնակի վերահսկողության են հասել դրանց նկատմամբ: Հայերի և հույների միջև մի շարք վեճերի կարգավորման գործում Իսրայելի իշխանությունները, մասնավորապես Կրոնական գործերի նախարարությունը, վճռորոշ դեր է խաղում: Նման դեպքերում իսրայելական պետական գործակալությունները նախընտրում են չեզոք մնալ:



Սակայն վերջերս Հայկական եկեղեցու ներկայացուցիչների մոտ տագնապներ առաջացան առ այն, որ Թուրքիայի հետ ճգնաժամի պայմաններում Իսրայելը որոշել է ուժեղացնել գործընկերությունը Հունաստանի հետ և, հետևաբար, Իսրայելի կառավարությունը կարող է սրբավայրերի վեճերում պաշտպանել Հունաստանին:



Ըստ իսրայելցի դիվանագետների՝ Իրանն իր հերթին մտավախություններ ուներ, որ սրբավայրերի հարցում որոշակի աջակցություն ստանալու դեպքում Սարգսյանը կհամաձայնի Թեհրանի համար ռազմավարական նշանակություն ունեցող հարցերում Իսրայելի հետ մարտավարական համագործակցությանը: Փաստորեն, հայերն Իրանի ճնշման տակ արագորեն ետ քաշվեցին, նշում է հոդվածագիրը՝ հիշեցնելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Իրանը երբեք չի դադարել աջակցել Հայաստանին:



«Մոլլաների կողմից կառավարվող Թեհրանի վարչակարգի մոտ մտահոգություն է առաջացնում Իսրայելի, Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի երկրների, հատկապես Ղազախստանի միջև հարաբերությունների ամրապնդումը: Իրանը վախենում է, որ Իսրայելն ավելացնում է արագությունը Իսլամական պետությանը զսպելու հարցում (որի միջուկային ծրագրի շուրջ P5+1 բանակցությունները բարեբախտաբար ձգձվում են), մինչդեռ Հայաստանը դեռ տառապում է իրանական գրիպով»,- եզրափակում է Ալեքսանդր Մըրնիսոնը:



Հ․Գ․ Ալեքսանդր Մըրնիսոնը Իսրայելի Բար-Իլան համալսարանի Բեգին-Սադաթի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հետազոտող է, աչքի է ընկնում ընդգծված ադրբեջանամետ դիրքորոշմամբ: Հեղինակել է մի շարք գրքեր, այդ թվում «Աշխարհաքաղաքականության եվրոպական օրագիր», «Թուրքիայի Անտանտը Իսրայելի հետ», «Ադրբեջան. Պետական ինքնությունը և անվտանգությունը Մերձավոր Արևելքում և Կովկասում»:

Նույն շարքից