Կոպենհագենի քաղաքապետարանը բավարարել է քաղաքի հյուսիսարևմտյան մասում ժամանակակից մզկիթ և մշակութային կենտրոն կառուցելու Դանիայի Իսլամական համայնքի հայտը: Այս մասին հայտնում է TV2 հեռուստաալիքը:
Համալիրը կնախագծի Հեննինգ Լարսենի հայտնի ճարտարապետական ստուդիան: Այն կփոխարինի մուսուլմանների ներկայիս աղոթավայրին, որը տեղավորվել է նախկին խանութում:
«Դա ոչ այնքան բարեկեցիկ շրջան է, որին ստեղծագործական կայծ է պետք,- ասել է Կոպենհագենի տեխնիկական և էկոլոգիական հարցերով փոխքաղաքապետ Մորթեն Քաբելը:- Այդ պատճառով մենք նախագիծը հաստատեցինք առանց քվեարկության»:
Դանիայի Իսլամական համայնքն ուզում է երեք հարկանի շենք կառուցել, ինչն ըստ քաղաքապետարանի՝ «բավարարում է մզկիթի բնութագրերին և համապատասխանում է հյուսիսային, կոպենհագենյան կոնտեքստին»:
Սպասվում է, որ նախագիծը պատրաստ կլինի մինչև օգոստոս: Այն նախ պետք է հաստատեն փորձագետներն ու քաղաքային ղեկավարները, իսկ հետո կուղարկվի շրջանի քաղաքացիների ներկայացուցիչների քննարկմանը: Դա կլինի 2016 թ. փետրվարին: