Սպիտակ տան մոտ ԱՄՆ գաղտնի ծառայության երկու գործակալների հետ կապված միջադեպը տեսախցիկներով նկարահանած տեսանյութը, հավանաբար, ոչնչացվել է։ Այս մասին հայտնում է Fox News-ը՝ հղում անելով Կոնգրեսի աղբյուրներին:
Երեքշաբթի օրը ԱՄՆ Գաղտնի ծառայության ղեկավար Ջոզեֆ Քլենսին կանգնել էր Կոնգրեսի անդամների առաջ՝ բացատրություն տալու իր գերատեսչության մի շարք ձախողումների համար:
Կոնգրեսականների հետ թեժ քննարկման ընթացքում Քլենսին, մասնավորապես, խոստովանել էր, որ իր որոշ ենթականեր լարված աշխատանքի հետևանքով առաջացած սթրեսից ազատվում են ալկոհոլի օգնությամբ:
Բացի այդ՝ օրենսդիրները հարց էին տվել իր գլխավորած գերատեսչության երկու աշխատակիցների մասնակցությամբ դեպքի մասին, որոնք մարտի սկզբին մեքենայով հարվածել էին Սպիտակ տան արգելափակոցին: Նախնական տվյալների համաձայն՝ Գաղտնի ծառայության աշխատակիցները վերադարձել էին երեկույթից և եղել էին անսթափ վիճակում: