Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ մարտի 21-ին Թբիլիսիում կայանալիք բողոքի ցույցն ուղղված է երկիրը փրկելուն և ճշմարիտ ուղի վերադարձնելուն, գրում է newsgeorgia.ru-ն։
Շաբաթ «Ազգային շարժում» կուսակցությունը նախատեսում է զանգվածային ակցիա մայրաքաղաքի կենտրոնում՝ կառավարության հրաժարականի պահանջով։
«Այս ակցիան ոչ միայն «Ազգային շարժմանն» է։ Այսօր Վրաստանում բոլորը, անկախ կուսակցական պատկանելությունից, անկախ հայացքներից և մեր անցյալից, հասկանում են, որ երկիրը ճիշտ ճանապարհով չի գնում»,- ասել է Սաակաշվիլին, ով այժմ գտնվում է Բրյուսելում։
Նրա խոսքով՝ «անհրաժեշտ է, որ ժողովուրդը խաղաղ հայտնի իր կարծիքը Սահմանադրության շրջանակում», քանի որ գոյություն ունի սպառնալիք, որ բացասական գործընթացները երկրում անդառնալի բնույթ ձեռք կբերեն։