Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հայկական սփյուռքին ու Հայաստանի ղեկավարությանն ուղղված արտահայտությունները զայրացրել են Թուրքիայում բնակվող հայերին, տեղեկացնում է Demokrat Haber կայքը:
Էրդողանը «Համաշխարհային պատերազմի 100-րդ տարում» թեմայով քննարկման ընթացքում Հայաստանին ու հայկական սփյուռքին մեղադրող հայտարարություն էր արել, ինչը և մեկնաբանել են Թուրքիայի քրդամետ «Ազգերի ժողովրդավարություն» կուսակցությանը որպես թեկնածու գրանցվելու համար դիմած Ֆիլոր Ուլուքը, Մուրադ Մըհչըն և փաստաբան Դիրեն Ջևահիր Շենը:
Ֆիլոր Ուլուքը նշել է, որ Էրդողանի հայտարարություններում կառուցողական ոչ մի խոսք տեղ չի գտել:
«Եթե Էրդողանն իրոք ուզում է այս հարցին լուծում տրվի, ապա պետք է իրատես լինի»,- ասել է նա ու նշել, որ Հայաստանի արխիվներն արդեն իսկ բաց են հանրության համար:
Ուլուքը նշել է, որ Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը տապալման եզրին է, և միջազգային հանրության աչքին այլևս համոզիչ չէ, և արխիվներն ու փաստաթղթերը ֆետիշացնելով՝ ելք չունեցողի քաղաքականություն է վարում:
«Թուրքիան 1915-ի վերաբերյալ իր անճարությունը դրսևորելու քաղաքականություն է վարում: Էրդողանն աշխարհի չորս կողմը տարածված հայերի լոբբիստական գործունեությունն է քննադատում, նրանց «անամոթության» համար է մեղադրում, 1915-ի իրողության ճանաչման համար սկսված արշավն ապարդյուն է համարում, սակայն մյուս կողմից, երբ 1915-ի վերաբերյալ որևէ բանաձև է գալիս օրակարգ, ԱԳՆ-ն ինքն է դաշտ դուրս գալիս և սկսում ժխտել»,-ասել է նա:
Մուրադ Մըհչըն նշում է, որ 1915-ին կատարվածը փաստաթղթերի կարիք չունի, քանի որ յուրաքանչյուր հայ ինքնին փաստ է:
«Պարո՛ն նախագահ, հայկական սփյուռքից ցեղասպանության վերաբերյալ փաստեր եք պահանջում: Դրա անհրաժեշտությունը չկա: Ամեն հայ մի փաստաթուղթ է: 100 տարի է՝ ժխտման քաղաքականությունը շարունակվում է, չնայած դրան՝ ազգերը գիտեն, թե ինչ է տեղի ունեցել այս հողերում: Ժխտումն ու չառերեսվելը բոլորին է վնաս տալիս»,- ասել է նա և հիշեցրել, որ դեռ անցյալ տարի՝ Ցեղասպանության 99-ամյակին, Էրդողանը «բարեհաճել էր» ցավակցական ուղերձ հղել:
Փաստաբան Դիրեն Ջևահիր Շենին Էրդողանի խոսքերը խուճապի մեջ գտնվող, վախեցող մարդու խոսքեր են հիշեցրել:
«Այդ խոսքն առերեսվելուց խուսափելու խոսքեր են: Նման հարձակողական, խնդիրը հասկանալուց հեռու կեցվածքն ուրիշ ի՞նչ մեկնաբանություն կարող է ունենալ»,- ասել է նա: