Տնտեսություն 

Ամփոփվել են «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի արդյունքները

analitik.am

Այսօր «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում ամփոփվել են հոկտեմբերի 1-31-ն անցկացված «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի արդյունքները, տեղեկացնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը:

ՀՀ կենտրոնական բանկի նախաձեռնությամբ արդեն 2-րդ տարին հոկտեմբերը հայտարարվում է անձնական ֆինանսների կառավարման ամիս: Միամսյակի ընթացքում անցկացվող միջոցառումներով Կենտրոնական բանկը հանրությանը ներկայացրել է անձնական ֆինանսների կառավարումը կարեւորող տարբեր ֆինանսական գործիքներ եւ ծառայություններ:

Միամսյակի ընթացքում իրականացվել են մի շարք միջոցառումներ՝ ֆինանսական շրջագայություն ավտոբուսով Երեւանում, «Երազանքների ծառ» միջոցառում Երեւանի կենտրոնում, ինչպես նաեւ առաջին անգամ տեղի է ունեցել «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» միջհամալսարանական ինտելեկտուալ խաղ-մրցույթը, ֆինանսական թեմաներով միջհամալսարանական բանավեճերի մրցաշար, սեմինարներ համալսարաններում եւ դպրոցներում, ֆինանսական արշավներ և ցուցահանդեսներ մարզերում:

Միամսյակի շրջանակում մեկնարկել էին նաեւ մի շարք մրցույթներ: Այսօր ամփոփվել են ապահովագրության թեմայով տեսահոլովակների, «Երբ առաջին անգամ որոշեցի խնայել» թեմայով շարադրությունների, ձեռքով նկարած դրամների եւ աշխատանքային պրոցեսը նկարագրող պրոֆեսիոնալ լուսանկարների մրցույթների արդյունքները: Լավագույն լուսանկարների ու տեսահոլովակների հեղինակներն արժանացել են դրամական պարգեւների, շարադրության, ձեռքով նկարած դրամների մրցույթի հաղթողներին տրվել են տարբեր մրցանակներ, բանավեճերի մրցաշարի հաղթողները եւ լավագույն ֆինանսական երազանքների հեղինակները ստացել են հուշադրամներ:

«Իմ ֆինանսների միամսյակը» կրելու է շարունակական բնույթ եւ նախատեսվում է իրականացնել հաջորդ տարի եւս: 
Այս տարի «Իմ Ֆինանսների միամսյակ»-ի իրականացվել է ՀՀ կենտրոնական բանկի, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի, Հայաստանի բանկերի միության, Վարկային կազմակերպությունների միության, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան-ի, KfW-Kreditanstalt fur Wiederaufbau-ի, SBFIC–Գերմանիայի խնայբանկերի միջազգային համագործակցության հիմնադրամի, Հայաստանի պատանեկան նվաճումներ ՀԿ-ի, Գիտակների հայկական ասոցիացիայի, ինչպես նաեւ ֆինանսական առանձին կառույցների համատեղ ջանքերով:

Նույն շարքից