Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը, «Ազգային ժողովրդավարություն» հիմնադրամը և Բաց հասարակության ինստիտուտը Վաշինգտոնում «Ադրբեջանում և Թուրքիայում անկախ մամուլ և քաղաքացիական հասարակություն. դիտարկում» թեմայով Ադրբեջանում տիրող բռնանշումներին նվիրված քննարկումներ են անցկացրել, որոնց մասնակիցները հանգել են ընդհանուր եզրակացության, որ Արևմուտքը պետք է մեծացնի ճնշումներն Ադրբեջանի վրա:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հաղորդագրության մեջ ասվում է, որ անդրադառնալով Ադրբեջանում և Թուրքիայում մամուլի, քաղաքացիական հասարակության ներկա վիճակին, քննարկումների մասնակիցները նշել են, որ թեև երկու երկրների ղեկավարները հայտարարում են, թե ավելի արդիական և եվրոպական ապագա են ցանկանում իրենց երկրների համար, սակայն, խստորեն պատժում են իրենց քննադատող քաղաքացիական հասարակության անդամներին, ձերբակալում լրագրողներին և պ տժում ԶԼՄ-ներին:
Freedom house կազմակերպության տարածաշրջանային ծրագրերի գծով փոխնախագահ Ռոբերտ Հերմանը ելույթում անդրադառնալով Ադրբեջանում մարդու իրավունքների աղետալի վիճակին` ընդգծել է, որ Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևը դասվում է ամենավատ բռնապետների շարքին:
Բաց հասարակություն ինստիտուտի Եվրասիայի գծով գլխավոր քաղաքական վերլուծաբան Ջեֆ Գոլդսթինը հայտնել է, որ անհրաժեշտ է մեծացնել Ադրբեջանի կառավարության հանդեպ ճնշումները: Նա ասել է, որ Բաքվի կառավարությունը կարծում է, թե Արևմուտքը «գունավոր հեղափոխություն» է նախապատրաստել նաև Ադրբեջանի համար, և խիստ վախեցած է այդ ծրագրով, ինչի պատճառով էլ ուժեղացրել է բռնաճնշումները երկրում:
«Խնդիրն այն է, որ Արևմուտքը բավարար ճնշում չի գործադրում Ադրբեջանի կառավարության վրա: Արդեն եկել է ժամանակը, որպեսզի Արևմուտքըբացահայտ կերպով հասկացնի Բաքվին, որ իրավիճակն այսպես այլևս շարունակվել չի կարող: Եթե ճնշում արվի, ադրբեջւանական կառավարությանվարած քաղաքականության մեջ փոփոխություններ կլինեն»,- համոզմունք է հայտնել է Գոլդսթինը:
Ադրբեջանցի հետազոտող Արզու Գեյբուլլաևան նկատել է, որ Ադրբեջանին մարդու իրավունների խախտումների մասին հիշեցնելիս, Բաքուն անմիջապես օրակարգ է բերում Լեռնային Ղարաբաղի խնդիրը և հայտարարում, թե Ադրբեջանը նորանկախ երկիր է, որտեղ ժողովրդավարության զարգացման համար ժամանակ է պետք, ինչը հասկանալի չէ և ոչ մի կապ չունի մարդու ազատությունների ապահովման հետ:
Քննարկումներում մյուս ելույթ ունեցողները նշել են Թուրքիայում մամուլի երբեք ազատ չլինելու մասին, և ընդգծել, որ Թայիփ Էրդողանի` նախագահ դառնալուց հետո (2014 թ. օգոստոս) Թուրքիայում ԶԼՄ-ներն ավելի շատ ճնշումների են ենթարկվում:
Քննարկումներին, որը ղեկավարել է «Ազատություն» ռադիոկայանի կապի ծառայության փոխնախագահ Մարտինս Զվաներսը, մասնակցել և ելույթ են ունեցել նաև Ազգային ժողովրդավարական հիմնադրամի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի գծով գլխավոր աշխատակից Ռիչարդ Կրամերը և Freedom House կազմկաերպության Եվրասիայի գծով աշխատակից Նեյթ Շենկանը: