Տնտեսություն 

2015թ. բյուջեի նախագծի քննարկումն ընդմիջվեց 4 օրով

analitik.am

15 օր է՝ ընթանում են 2015թ. բյուջետային քննարկումները, եղել են բազմաթիվ առաջարկություններ, որոնք Կառավարությունում ամենօրյա մոնիտորինգի են ենթարկվում. ամփոփիչ ելույթի ժամանակ այս մասին ասաց ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ով նշեց, որ նիստերին հնչեցրած առաջարկություններից բացի առաջարկություն են ստացել նաև պատգամավորների ու խմբակցությունների հետ առանձին հանդիպումների ժամանակ:

Նախարարը նկատեց, թե ամենակարևոր եզրակացությունը, որ այսօր կարող են հանգել՝ երկրում ստեղծված ֆինանսական հարցերում ակտիվ մասնակցություն ունենալով է հնարավոր լուծումներ գտնել։

«Շնորհակալ եմ այն գործընկերներին, որոնք կառուցողական առաջարկներ են արել, շատ առաջարկությունների մեջ կան հետաքրքիր դրույթներ, որոնք հաշվի կառնվեն: Այն դրույթները, որոնք հնարավոր չէ իրականացնել, մենք դրա մասին էլ տեղյակ կպահենք պատգամավորներին: Եթե չկա մասնագիտական տվյալների բազաների վերլուծություն և համընկնում հնարավորությունների հետ, մենք պատրաստ ենք լրացուցիչ քննարկումների՝ ձեր իսկ նախընտրած ֆորմատով, որպեսզի մեր հայացքները մոտեցնենք իրար»,-ասաց նա:

Ֆինանսների նախարարը նկատեց, թե, իհարկե, շատերի մոտ կա ԱԺ ամբիոնը այլ նպատակով օգտագործելու ցանկությունը, կան նաև քաղաքական հայացքներ, բայց, ըստ նրա, իրենք ամեն դեպքում պատրաստ են ցանկացած ֆորմատով քննարկումների:

«Կառավարության անունից կարող եմ վստահեցրել, որ կքննարկենք, իսկ նրանք, որոնք այս պահին հնարավոր չէ լուծել, կփորձենք լուծման եղանակներ գտնել»,-ասաց նա:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ բյուջեի նախագծի քննարկումը կընդմիջվի առնվազն 4 օրով:

«Պատգամավորները և խմբակցությունները կարող են ներկայացնել իրենց առաջարկությունները 24 ժամվա ընթացում»,-ասաց նա:

Նույն շարքից