Միջազգային 

Այժմ յուրաքանչյուր եվրոպական երկիր որոշակի չափով ապակենտրոնացնում է իր իշխանությունը. Յագլանդ

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը համոզված է, որ Ուկրաինայում ապակենտրոնացումը դրական արդյունք կտա, և ընդգծում է, որ ապակենտրոնացումը դաշնայնացում չի նշանակում, տեղեկացնում է korrespondent.net-ը։



 

«Ապակենտրոնացումը դաշնայնացում չէ։ Այժմ յուրաքանչյուր եվրոպական երկիր որոշակի չափով ապակենտրոնացնում է իր իշխանությունը։ Եվ դա բխում է հանրության շահերից։ Չի կարելի ամեն ինչ կենտրոնից անել։ Սակայն Ուկրաինայում խոսքը ոչ միայն ապակենտրոնացման, այլև Դոնբասին հատուկ կարգավիճակ շնորհելու մասին է»,-ասել է ԵԽ գլխավոր քարտուղարը։



 

Յագլանդը նաև գնահատել է հակառակ տարբերակը. «Այնտեղ, որտեղ ապակենտրոնացում չկա, կամ տեղական մակարդակով լիազորություններ չկան, անջատվելու ցանկությունն ավելի է լինում։ Երբ տեղի հանրությունն ավելի մեծ իշխանություն է ունենում, այդ դեպքում ավելի հեշտ է դառնում հանրությանը միասին պահել։ Դա դաս է, որը սովորել են Եվրոպայի ցանկացած անկյունում։ Կենտրոնացումը, հակառակը, կարող է ուժեղացնել անջատողական տրամադրությունները»։

 


Պատասխանելով հարցին, թե որքանով է իրատեսական Կիևի ղեկավարությամբ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելը նրա կողմից չվերահսկվող Դոնբասի տարածքում, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն ասել է. «Ես իրադրության հստակ գնահատական չունեմ։ Հույս ունեմ, որ նրանք, ովքեր Մինսկում բանակցային սեղանի շուրջ են նստել, եկել են այնպիսի եզրահանգման, որն իրագործելի է»։


 

Յագլանդը մարտի 17-18-ին աշխատանքային այցով եղել է Ուկրաինայում։

Նույն շարքից