Միջազգային 

Բրյուսելում «խենթեր» չկան. Լավրով

Եվրամիությունը չի համաձայնի խաղաղապահներ մտցնել Ուկրաինայի տարածք, Բրյուսելում «խենթեր» չկան։ Նման կարծիք է հայտնել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով ԵՄ-ի ոստիկանական ուժեր Ուկրաինա մտցնելու Կիևի դիմումը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

 


«Կարծում եմ՝ ԵՄ-ում խենթեր չկան։ Նախադեպերը, որոնց մասին դուք խոսում եք, մասնավորապես Բալկաններում, վերաբերում են այնպիսի իրավիճակների, երբ կա հակամարտող բոլոր կողմերի համաձայնությունը։ ԵՄ-ն ոչ մի դեպքում չի գնա որևէ կետ՝ լինի Ուկրաինայի հարավ-արևելքը, թե այլ վայր, եթե նման առաքելությունը համաձայնեցված չլինի հակամարտող կողմերի հետ։ Պետք է դիմեք ոչ թե մեզ, այլ Լուգանսկին ու Դոնեցկին, որոնց հետ Կիևը հերթական անգամ հրաժարվել է խոսել»,-ասել է Լավրովը։

 


Ավելի վաղ Ուկրաինայի խորհրդարանը հաստատել էր նախագահ Պյոտր Պորոշենկոյի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ու ԵՄ-ի խորհրդին ուղղված դիմումը՝ երկրի տարածքում խաղաղության ու անվտանգության ապահովման նպատակով միջազգային առաքելություն տեղակայելու վերաբերյալ։

 


Լավրովը նաև նշել է, որ Մոսկվան Կիևին կոչ է անում անհապաղ հատուկ կարգավիճակ շնորհել Դոնբասի առանձին շրջաններին։

 


«Հատուկ կարգավիճակի մասին օրենքը պետք է ընդունել անհապաղ, ինչպես համաձայնեցվել էր»,-ասել է Լավրովը:

Նույն շարքից