Միջազգային 

Ֆրանսիայի նախագահն ապրիլին կայցելի նաև Բաքու. Դեզիր

analitik.am

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ղարաբաղյան խնդիրը կքննարկի հայ և ադրբեջանցի գործընկերների հետ ապրիլի 24-ին և 25-ին Երևան և Բաքու նախատեսված այցելությունների ընթացքում, տեղեկացրել է Ֆրանսիայի եվրոպական գործերով պետական քարտուղար Առլեմ Դեզիրը:



Ավելի վաղ տեղեկացվել է, որ ապրիլի 24-ին Երևանում Օլանդը կմասնակցի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:



«Փարիզը կգործադրի բոլոր ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման և այդ տարածաշրջանում ինքնորոշման իրավունքի պաշտպանության համար», - Դեզիրի խոսքերը մեջբերել են ՀՅԴ-ի մամուլի ծառայությունից:



Պատասխանելով «Ժողովրդական շարժում միություն» կուսակցությունից պատգամավոր Ժան-Կլոդ Մինյոնի հարցին` դիվանագետը հիշեցրել է, որ Ֆրանսիան լիարժեքորեն ներգրավված է Մինսկի խմբի գործունեության մեջ որպես համանախագահ (ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ)` ղարաբաղյան խնդրի  կայուն լուծումը փնտրելու համար:



Նրա խոսքերով` ներկա ստատուս-քվոն չի համապատասխանում Հայաստանի և Ադրբեջանի շահերին:



«Այդ պատճառով հանրապետության նախագահը  ցանկանալով աջակցել դիվանագիտական նախաձեռնությունների վերսկսմանը, 2014 թ.-ի հոկտեմբերի 27-ին գումարեց գագաթնաժողով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների (Սերժ Սարգսյան և Ւլհամ Ալիև) մասնակցությամբ: Այդ հանդիպման ժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն մարդասիրական առաջին քայլի` անհայտ կորածների մասին տեղեկատվության փոխանակման շուրջ», - ասել է Դեզիրը:



Նա նշել է, որ այս հանդիպումը նաև օգնեց նոր ազդակ հաղորդել բանակցություններին, որոնք հիմնված են, այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքների վրա, որոնք նախատեսում են ուժի չկիրառում, պետության տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի հարգում:



«Վերջին ամիսների լարվածությունը վկայում է, որ խիստ անհրաժեշտ է կյանքի կոչել այդ սկզբունքները: Հետևաբար, Ֆրանսիան ակտիվորեն կշարունակի իր ջանքերն այդ ուղղությամբ», - ասել է Դեզիրը:

Նույն շարքից