Միջազգային 

Սերբիան ՆԱՏՕ–ի անդամ չի դառնա. ԱԳ նախարար

analitik.am

Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը կիրակի հայտարարել է, որ երկրի ռազմական դրությունը մնում է չեզոք, և Բելգրադը չի պատրաստվում անդամակցել ՆԱՏՕ–ին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։



«Սերբիայի ռազմական դրությունը չեզոք է, և մենք մտադրություն չունենք անդամակցել ՆԱՏՕ–ին», – ասել է Դաչիչը Pink տեղական հեռուստաալիքին տված հարցազրույցում։



Սերբիայի ԱԳ նախարարը մեկնաբանել է ՆԱՏՕ–ի հետ գործընկերության անհատական ծրագիրը (IPAP), որն ընդունվել է մի քանի օր առաջ։ Ըստ նրա,  ծրագիրը ներկայացնում է ՆԱՏՕ–ի հետ համագործակցության ամենաբարձր մակարդակը։



Դաչիչի խոսքով` երկու կողմերն ընդհանուր շահեր ունեն տարածաշրջանում խաղաղության ձևավորման հարցում, միաժամանակ Բելգրադը նոր երաշխիքներ է ստանում այն հարցում, որ Կոսովոյի անվտանգության ուժերն առանց նրա համաձայնության չեն կարող միջամտել մեծամասամբ սերբերով բնակեցված երկրի հյուսիսում տիրող իրավիճակին։



Սերբիայի նպատակն է կառուցել գործընկերային հարաբերություններ բոլորի հետ` միաժամանակ չխախտելով սեփական չեզոք դիրքը, նշել է Դաչիչը։ Նա ավելացրել է, որ Սերբիան դիտորդի կարգավիճակ ունի ՀԱՊԿ–ում, որի միասնական շտաբը Մոսկվայում է։



Շաբաթ օրը Բելգրադի կենտրոնում գտնվող կառավարության շենքի առաջ բողոքի զանգվածային ակցիա է կազմակերպվել ԵՄ–ի և ՆԱՏՕ–ի հետ Սերբիայի հարաբերությունների մերձեցման դեմ։

Նույն շարքից