Միջազգային 

Սասունում թուրք գյուղացիները վերանորոգել են հայկական գերեզմանները

analitik.am

Ներկայիս Թուրքիայի Բաթմանի նահանգի (Սասուն) Բեշիրի շրջանի Բահչելի գյուղում տեղի բնակիչները վերանորոգել են հայկական գերեզմանները։ Այս մասին հայտնում է թուրքական «Բաթման» թերթը։



Բահչելի գյուղի բնակիչ Էշրեֆ Թարհանը, որը տարիներ շարունակ կողք-կողքի ապրել է հայ հարևանների հետ, որպես հարգանքի տուրք մահացած հայ հարևանների հիշատակին՝ որոշել է հավաքել գյուղացիներին և վերանորոգել հայկական գերեզմանները։



«Մինչև 1965 թվականը գյուղը բազմաթիվ քրիստոնյա հայ բնակիչներ ուներ։ Մենք նրանց մինչև այսօր չենք մոռացել և ցանկանում ենք պահել այդ կապը։ Օրեր առաջ վերանորոգել ենք մեր հարևանի և, միևնույն ժամանակ, ընտանիքի բարեկամի՝ Խաչիկ Դեմիրճյանի գերեզմանը։ Ամեն տարի Դեմիրճյանները, Քյուրքչիյանները և այլ հայ ընտանիքներ գալիս են այստեղ և այցելում իրենց հայրերի, պապերի գերեզմանները։



Հին հիշողությունները հնարավոր չէ մոռանալ։ Մուսուլմանները, հայերը և եզդիները այս հողերում ապրել են խաղաղության մեջ՝ որպես եղբայրներ։ Ափսոս, որ հայերը հեռացան գյուղից։ Թող որ պետությունը մի այնպիսի նախագիծ իրականացնի, որի արդյունքում նրանք կրկին կվերադառնան Բահչելի», – ասել է Թարհանը։



Հարկ է նշել, որ Թուրքիայում այսօրինակ նախաձեռնությունները հաճախակի բնույթ չեն կրում։ Այս երկրում ավելի շատ հանդիպում են այնպիսի դեպքեր, երբ գանձ որոնողները պղծում են հայկական այս կամ այն գերեզմանը, և իշխանությունները, հիմնականում, ջանքեր չեն գործադրում վերջիններիս բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար։

Նույն շարքից