Միջազգային 

Հայ թեկնածուն կմասնակցի Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին. «Ակօս»

analitik.am

Թուրքիայի հայ կաթոլիկների առաջնորդ Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանի՝ հանրության հետ կապերի պատասխանատու Թալին Էրգյունեշ Գազերը, որն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար թեկնածության հայտ էր ներկայացրել Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությանը (ԺՀԿ), ամենայն հավանականությամբ կընդգրկվի կուսակցության համամասնական ընտրացուցակում և պատգամավոր դառնալու հնարավորություն կստանա։ Այս մասին գրում է Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակօս» շաբաթաթերթը։



Քեմալական կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին 45 քաղաքներում մեծամասնական ընտրակարգով առաջադրվող թեկնածուների անունները հրապարակելու է մարտի 29-ին։ Իսկ համամասնական ցուցակով առաջադրվող թեկնածուների անունները հայտնի կդառնան կուսակցության՝ ապրիլի 5-ին տեղի ունենալիք ժողովին, որից երկու օր հետո ԺՀԿ-ն իր ընտրացուցակները կներկայացնի Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհրդին (YSK)։



Թեև կուսակցությունում չեն հստակեցրել, թե կին «թեկնածության թեկնածուն որ ընտրատարածքում է առաջադրվելու, սակայն թերթը նշում է, որ նրա անունը լինելու է ԺՀԿ-ի համամասնական ցուցակում։



Հայ թեկնածուն ծնվել է 1977 թվականին Ստամբուլում: Ավարտել է Պանգալթըի Մխիթարյան վարժարանը և Անադոլու համալսարանի տուրիզմի բաժինը: Ամուսնացած է, ունի մեկ երեխա: Նախկինում երկար տարիներ աշխատել է զբոսաշրջության ոլորտում: Գազերը տիրապետում է անգլերենի, իտալերենի, հայերենի և թուրքերենի: Խորհրդարանում հայտնվելու դեպքում Գազերը կարող է դառնալ Թուրքիայի Հանրապետության ազգային մեծ ժողովի առաջին հայ կին պատգամավորը:



Նախկինում Գազերը դիմել է Ստամբուլի Սարըյերի քաղաքապետարան՝ ազգային փոքրամասնությունների համար սուրբծննդյան և ամանորյա տոնակատարություններ անցկացնելու համար: Այս դիմումից անմիջապես հետո ԺՀԿ-ի ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն հանդիպել է Թուրքիայի փոքրամասնությունների հոգևոր առաջնորդներին:



Հավելենք, որ Թալին Գազերը դեռ վերջնականապես չի առաջադրվել որպես թեկնածու, սակայն ունի «թեկնածության թեկնածուի» կարգավիճակ, այսինքն՝ կուսակցության որոշումով նրա հայտը կարող է ընդունվել, և նա դառնա Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում պատգամավորի թեկնածու ԺՀԿ-ի ցուցակներով:



Հարկ է նշել, որ ազգությամբ հայ թեկնածուներ կան նաև թուրքական այլ կուսակցություններում: Հայտնի է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շարքերից պատգամավոր կարող է դառնալ հայ վերլուծաբան, գրող, լրագրող Մարգար Եսայանը, ում հնարավորությունները բարձր են գնահատում: Քրդական Ժողովրդադեմոկրատական կուսակցության շարքերում ևս կան պատգամավորության թեկնածուներ:



Հիշեցնենք, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ընտրությունները նախանշված են հունիսի 7-ին:

Նույն շարքից