Միջազգային 

Զենքի անխտիր կիրառման հետևանքով հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել ու վիրավորվել․ Human Rights Watch

analitik.am

Սիրիայում ընդդիմադիր զինված խմբավորումները պայթուցիկ սարքերով, ականանետներով և հրթիռներով գրոհում են կառավարության վերահսկողության տակ գտնվող տարածքներում ապրող խաղաղ բնակչության դեմ: ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Human Rights Watch (HRW) իրավապաշտպան կազմակերպության նոր զեկույցում:



Իրավապաշտպանները հայտնում են, որ կառավարության դեմ հանդես եկող զինված խմբերը հաճախ ականանետներով, հրթիռներով և այլ հրետանիով գնդակոծություն են իրականացրել Դամասկոսի և դրա արվարձանների ուղղությամբ: Զենքի անխտիր կիրառման հետևանքով հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել ու վիրավորվել, փլուզվել է քաղաքացիական ենթակառուցվածքը՝ խախտելով պատերազմի օրենքներն ու սովորույթները:



«Նա չպետք է մահանար. Սիրիայի ընդդիմության անխտիր գրոհները» վերնագրով 79-էջանոց զեկույցում փաստագրվել են տասնյակ հարձակումներ կառավարության վերահսկողության տակ գտնվող խիտ բնակեցված շրջանների վրա 2012թ. հունվարից 2014թ. ապրիլին, որոնք շարունակվել են նաև 2015թ.: Եզրակացությունները հիմնված են առաջին հերթին տուժածների և ականատեսների վկայությունների, տեղում կատարված ուսումնասիրությունների, ինչպես նաև բաց հասանելիությամբ տեսանյութերի և ԶԼՄ-ների տեղեկությունների վրա:



HRW-ում փաստագրել են 17 պայթյուն Դամասկոսի արվարձանում, 1 պայթյուն՝ Դամասկոսի կենտրոնում, 6 պայթյուն՝ Հոմս քաղաքի շրջաններում, 1-ը՝ դրա արվարձանում: Այդ շրջաններից շատերը խիտ բնակեցված են կրոնական փոքրամասնություններով, նրանց թվում են քրիստոնյաներ, շիաներ, ալավիներ, որոնք, ինչպես համարվում է, աջակցություն են ստանում կառավարությունից:


 

HRW-ի ուսումնասիրության արդյունքներով՝ այն վայրերում, որտեղ պայթյուններ են եղել, մոտակայքում ոչ մի կառավարական ռազմական օբյեկտ չի եղել: Հարձակումներից շատերը, ըստ ամենայնի, ուղղված են եղել խաղաղ բնակչության շրջանում ահաբեկչության տարածմանը՝ հայտնում են իրավապաշտպանները:



Ոչ մի զինված խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել պայթյունների մեծ մասի համար, սակայն «Ջեբհաթ ան-Նուսրա» և ԴԱԻՇ («Իրաքի և Շամի իսլամական պետություն») ծայրահեղական իսլամիստական խմբավորումները ստանձնել են 2 զեկույցում նշված 25 հարձակումներից 10-ի պատասխանատվությունը:

Նույն շարքից