Միջազգային 

Ռուսների մեծամասնությունն իր երկրը հզոր գերտերություն է համարում. հարցում

analitik.am

Տասնհինգ տարիների ընթացքում իրենց երկիրը հզոր գերտերություն համարող ռուսների թիվն աճել է ավելի քան կրկնակի և կազմել է 68 տոկոս, հետևում է «Լևադա–կենտրոնի» հարցումից, որի արդյունքները ներկայացնում է «Իզվեստիա» թերթը։



1999 թվականին քաղաքացիների ընդամենը 31 տոկոսն էր անվանում Ռուսաստանը հզոր գերտերություն, իսկ մեծամասնությունը` 65 տոկոսը, այդպես չէր կարծում։ Այս տարի, հակառակը, հարցվածների մեծամասնությունը կարծում է, որ Ռուսաստանը հզոր գերտերություն է, իսկ բնակչության մեկ երրորդից պակասն (27%) այլ տեսակետ ունի։



Ինչպես պարբերականին հայտնել է «Լևադա կենտրոնի» սոցիոլոգ Կարինա Պիպիան, իրենց երկրի հզորությանը հավատացող ռուսների թիվը հասել է 68 տոկոսի դեռ նախորդ տարվա նոյեմբերին և չի փոխվել, դա առավելագույն ցուցանիշն է հաշվարկների տարիների ընթացքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։



Սոցիոլոգների տվյալներով, ռուսներն առաջվա պես ավելի շատ կողմ են տնտեսական, քաղաքական և մշակութային կապերի հետագա ընդլայնմանն Արևմուտքի երկրների հետ (60%), քան դրանց կրճատմանը (29%)։ Յուրաքանչյուր երրորդ ռուս (35%) կարծում է, որ վերջին կես տարում Ռուսաստանից սկսել են ավելի շատ վախենալ արտերկրում։ Հարցվածների մեծ մասը (68%) հավատում է, որ Ռուսաստանը զգալի դեր է խաղում միջազգային խնդիրների լուծման հարցում։



Հարցմանը մասնակցել է 1.6 հազար մարդ 134 բնակավայրերից։

Նույն շարքից