Ղազախստանը Ռուսաստանին առաջարկում է Չինաստան գազ փոխադրել իր տարածքով: Այս մասին գրում է «Կոմերսանտ» պարբերականը՝ հղում անելով «Կազմունայգազ»-ի ղեկավար Սաուաթ Մինբաևին: Չինաստան ռուսական գազի փոխադրման համար կարելի է օգտագործել Ռուսաստանից Ղազախստանի հարավ Բուխարա-Ուրալ և Բոզոյ-Չիմքենդ գազատարներով առկա երթուղով: Վերջինը միացված է Միջին Ասիա-Չինաստան գազատարով, որով գազը Թուրքմենստանից գնում է Չինաստան:
Մինբաևը նշել է, որ մատակարարումների իրականացման համար անհրաժեշտ կլինի կոմպրեսորային կայաններ դնել գազատարում ճնշումը մեծացնելու համար:
«Գազպրոմի» ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել ղազախական կողմի առաջարկը: Ընկերությունում պարբերականի աղբյուրի տվյալներով՝ Աստանայի առաջարկը շատ գրավիչ չէ, և ամեն դեպքում «Ալթայի» շինարարությունը մնում է բացարձակ առաջնահերթություն: