Միջազգային 

Amnesty International-ը հայտնել է 2015 թվականի «Խղճի դեսպաններին»

analitik.am

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել է 2015-ի իր կարևորագույն մրցանակի շնորհման մասին։ «Խղճի դեսպաններ» կդառնան չինացի նկարիչ Այ Վեյվեյը և ամերիկացի երգչուհի Ջոան Բաեզը, փոխանցում է Deutsche Welle-ն։

 


Ինչպես նշվում է Amnesty International-ի հայտարարությունում՝ Այ Վեյվեյն և Ջոան Բաեզն օրինակ են Ամերիկայում, Ասիայում և աշխարհի շատ այլ երկրներում մարդու իրավունքների համար հազարավոր պայքարողների համար։

 


Ջոան Բաեզն իր կյանքի մեծ մասն ակտիվ զբաղվում է իրավապաշտպան գործունեությամբ։ Նա մասնակցել է Մարտին Լյութեր Քինգի «Երթ դեպի Վաշինգտոն» ակցիաներին, մահապատժի և բռնությունների դեմ արշավներին, ինչպես նաև սեռական փոքրամասնությունների իրավունքների աջակցությանը։

 


Այ Վեյվեյը չինական ռեժիմի ամենահայտնի քննադատներից է։ 2011-ին նա 3 ամիս անցկացրել է բանտում՝ առանց մեղադրանքի ներկայացման, մինչ օրս գտնվում է իշխանությունների հսկողության ներքո և իրավունք չունի լքել երկիրը։

 


Մրցանակաբաշխությունը պետք է կայանա մայիսի 21-ին Բեռլինում։ Նախկինում այս մրցանակին են արժանացել Նելսոն Մանդելան, Վացլավ Հավելը, Աուն Սան Սու Չժին, Մալալա Յուսուֆզայը։

Նույն շարքից