Միջազգային 

Իսրայելի նախագահը «Լիկուդի» առաջնորդ Նեթանյահուին կհանձնարարի կառավարական կոալիցիա կազմել

analitik.am

Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը չորեքշաբթի «Լիկուդ» կուսակցության առաջնորդ, գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուին կհանձնարարի մարտի 17-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով կառավարական կոալիցիայի ձևավորումը: Սպասվում է, որ դա կլինի, երբ երկրի ԿԸՀ-ն խորհրդարանական ամսագրում հրապարակի ձայների հաշվարկի վերջնական արդյունքները, հայտնում է TASS-ը:



Նախագահն ընտրություններից հետո հայտնել է, որ կձգտի նոր կառավարության շուտափույթ ստեղծման: Այդ նպատակով նա նույնիսկ ձայների հաշվարկի արդյունքների պաշտոնական արդյունքների հրապարակումից 3 օր առաջ 2-օրյա խորհրդակցություններ է սկսել կուսակցությունների հետ կոալիցիայի հարցով:



Կնեսետի պատգամավորների կեսից ավելին (120-ից 67-ը) այդ խորհրդակցությունների ընթացքում նախագահին խորհուրդ են տվել կոալիցիայի ստեղծումը հանձնարարել հենց գործող վարչապետին: «Լիկուդ» կուսակցությունն ընտրություններում ստացել է ամենաշատ ձայները և, համապատասխանաբար, 30 պատգամավորական մանդատ: Ռիվլինը կիրակի և երկուշաբթի լսել է ընտրական շեմը հաղթահարած բոլոր 10 կուսակցությունների ներկայացուցիչների խորհուրդները:



Խորհրդակցություններից հետո Ռիվլինը հայտարարել է, որ «ինքն արդեն որոշելու բան չունի», քանի որ 20-րդ գումարման Կնեսետի պատգամավորների մեծ մասը Նեթանյահուին է աջակցել:



Ապագա վարչապետին նախագահի հանձնարարությունից հետո 28 օր կհատկացվի կոալիցիա կազմելու համար: Եթե դա նրան չհաջողվի, նա ժամկետը ևս 2 շաբաթով երկարաձգելու հնարավորություն կունենա:

Նույն շարքից