Միջազգային 

Թուրքիայի խորհրդարանի խոսնակը համոզում է ԱՄՆ կոնգրեսականներին` մերժել Հայոց ցեղասպանության բանաձևը

analitik.am

Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքը երեքշաբթի այցելել է Վաշինգտոն` ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունմանը խոչընդոտելու նպատակով, հաղորդում է Hurriyet թերթը։



Նախորդ շաբաթ հանրապետական և դեմոկրատական կուսակցությունների չորս անդամներ օրակարգում ներառել են 1915 թ.–ին հայերի զանգվածային ջարդերի փաստի ճանաչման բանաձևի նախագիծը։



Ինչպես կարծում են նախագծի հեղինակները, բանաձևն ընդունելու դեպքում «Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման միջոցով» կարող է նպաստել Հայաստանի և ԱՄՆ–ի հարաբերությունների լավացմանը։ Բանաձևի ընդունմանն աջակցում է պալատի 46 անդամ։



Ավելի վաղ Կոնգրեսում նմանատիպ բանաձևերի ներառման բազմաթիվ անհաջող փորձեր են իրականացվել։



Չիչեքը կհանդիպի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյների և պալատի անդամների հետ։ Չիչեքից հետո ապրիլին Վաշինգտոն կայցելի Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։



Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։


Նույն շարքից