Միջազգային 

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում քննարկվել է Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին տրամադրվող օգնության չափը

analitik.am

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների միջազգային գործերով ենթահանձնաժողովում քննարկվել է Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին տրամադրվող օգնության չափը:



Քննարկմանը հանդես են եկել Միացյալ Նահանգների հայկական երկու խոշոր կազմակերպությունների` Ամերիկայի Հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայըն Արդունին և Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կառավարման հարցերով տնօրեն Քեյթ Նահապետյանը: Երկուսն էլ կոչ արեցին կոնգրեսականներին ավելացնել Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին հատկացվող օգնությունը մինչեւ 40 միլիոն դոլար Հայաստանին և մինչև 5 միլիոն դոլար ԼՂՀ-ին:



Բրայան Արդունիի խոսքով, Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի լույսի ներքո՝ Հայաստանի դերը Միացյալ Նահանգների համար ավելի է մեծանում: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչն իր հերթին հիշեցրեց, որ Երևանն ակտիվ մասնակցություն ունի ԱՄՆ-ի բազմաթիվ ծրագրերում.



«Հայաստանը աշխարհի ռազմավարական կարևորագույն տարածաշրջանում գտնվող լուրջ գործընկեր է, որը շարունակաբար աջակցել է ամերիկյան գործողություններին՝ խաղաղարարներ ուղարկելով Աֆղանստան, Իրաք եւ Կոսովո եւ համագործակցել ԱՄՆ-ի հետ անվտանգության խնդիրների լայն շրջանակով»:



Հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներն ընդգծեցին, որ չնայած դժվարություններին և շրջափակմանը՝ Հայաստանը բարձր ցուցանիշներ է գրանցել գործարար միջավայրի ստեղծման եւ բարեփոխումների իրականացման ոլորտում: Բացի այդ, 2014-ին Հայաստանը մեծ թվով փախստականներ է ընդունել Սիրիայից եւ օգնության կարիք ունի՝ սիրիահայերին պատշաճ աջակցություն տրամադրելու գործում:



 

«Ղարաբաղին հատկացվելիք 5 միլիոն դոլարը մեծ գումար չէ, սակայն այն թույլ կտա լուրջ դրական փոփոխություններ իրականացնել՝ այդ թվում ականազերծման աշխատանքներ, և ջրի մաքրման կայանների տեղադրում», - ասաց Արդունին:

 

 

Նույն շարքից