Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ հայրենիք նրա վերադարձը կախված է աշխարհաքաղաքական իրավիճակից, վրացի ժողովրդից և իր սեփական տրամադրվածությունից, գրում է ria.ru-ն:
Սաակաշվիլին հեռացել է Վրաստանից 2013 թվականի նոյեմբերին երկրի նոր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի պաշտոնի անցնելու առաջին օրերին և դրանից հետո չի վերադարձել հայրենիք: Այժմ Վրաստանի դատախազությունը նրա նկատմամբ հետախուզում է հայտարարել, նրա դեմ երեք քրեական գործ է ընթանում: Սաակաշվիլին ավելի վաղ հայտարարել է, որ մտադիր է վերադառնալ իշխանության իր թիմի հետ 2016 թվականի ընտրությունների արդյունքում:
«Իմ վերադարձը կախված է շատ գործոններից՝ աշխարհաքաղաքական իրավիճակից, վրացի ժողովրդից և իմ տրամադրվածությունից: Անհնար է, որ ես չուզենամ վերադառնալ, սակայն ես չեմ ցանկանում վնասել իմ երկրին ինչ-որ գործողությամբ: Չեմ ցանկանում, օրինակ, բռնություն սադրել և թշնամուն մեր երկրի դեմ ինչ-որ բան անելու առիթ տալ, այդ պատճառով կտեսնենք»,- հայտարարել է Սաակաշվիլին «Ռուսթավի-2» հեռուստաալիքի հաղորդմանը: