Միջազգային 

Սաակաշվիլիի կուսակցությունը չի կարող խանգարել Վրաստանի զարգացմանը. Ղարիբաշվիլի

analitik.am

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երկրի նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանն անվանել է աղանդ և նշել, որ նրան չի հաջողվի խանգարել երկրի զարգացմանը: Այս մասին հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն:



«Այդ մարդիկ վերածվել են անհասկանալի աղանդի: Նրանք կենտրոնացած են ոչ թե երկրի զարգացման, այլ կործանման վրա, հուզումների ստեղծման վրա, առավել ևս, որ նրանք ուժեղ հեռուստատեսություն ունեն, նրանք ապակառուցողական ուժեր ունեն, որոնք գործում են դրսից, ինչին պետությունն ադեկվատ պատասխան կտա»,- հինգշաբթի օրը մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ղարիբաշվիլին:



Միաժամանակ Ղարիբաշվիլին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցությանը խորհուրդ է տվել չփորձել խանգարել երկրի զարգացմանը:



«Պետությունը շատ անողոք կլինի, իհարկե՝ օրենքի շրջանակներում, և ես «Ազգային շարժմանը»՝ ամենաապակառուցողական ուժին, խորհուրդ չեմ տալիս ինչ-որ բան ծրագրել: Ընթացիկ գործընթացներին խանգարելու «Ազգային շարժման» շանսերը հավասար են զրոյի, քանի որ աշխարհում ոչինչ չի կարող խանգարել զարգացմանը»,- ասել է Ղարիբաշվիլին:



Մեկնաբանելով մարտի 21-ին Թբիլիսիի կենտրոնում կառավարության հրաժարականի պահանջով «Ազգային շարժման» կազմակերպած բազմահազարանոց բողոքի ակցիան՝ Ղարիբաշվիլին ասել է, որ դրա վրա միլիոններ են ծախսվել:



«Նրանք («Ազգային շարժումը») ժողովրդին ակցիայի են բերել ուժով և փողով, և ես գիտեմ, որ դա նրանց համար միլիոններ է արժեցել»,- ասել է նա:

Նույն շարքից