Միջազգային 

Ռուսաստանը Բելառուսին 110 մլն դոլար վարկ կտրամադրի ռուբլով

analitik.am

Ռուսաստանի կառավարությունը հաստատել է Բելառուսին 110 մլն դոլար պետական ֆինանսական վարկի տրամադրման մասին համաձայնագրի նախագիծը: Ռուսաստանի նախարարների կաբինետի կայքում հաղորդվում է, որ համապատասխան որոշումն ընդունվել է նախօրեին այդ երկրի կառավարության նիստի ժամանակ:



«ԱՄՆ դոլարով հաշվարկների հետ կապված գործարքային և փոխարժեքային ռիսկերից խուսափելու համար վարկի տրամադրումը, ինչպես նաև մարումը և պարտքի սպասարկումը կիրականացվի ռուսական ռուբլով»,- նշվում է հաղորդագրության մեջ: Վարկի տրամադրման պայմանը «Ռուսաստանի և ԵՏՄ Հակաճգնաժամային հիմնադրամի առջև ավելի վաղ տրամադրված վարկերի ժամկետանց պարտավորությունների բացակայությունն է»:



Նիստի ժամանակ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ, ըստ էության, խոսքը առկա վարկային պարտավորությունների երկարաձգման մասին է: «Մենք պայմանավորվել ենք, որ կօգնենք նրանց (Բելառուսին) այդ բարդ իրավիճակում, ըստ էության, կերկարաձգենք առկա վարկային պարտավորությունները»,- ասել է նա՝ հավելելով. «Մենք օգնել ենք մեր գործընկերներին ու հետագայում էլ կօգնենք»:



«Դա կանենք, բայց մեր բելառուս գորընկերները ևս պետք է օպերատիվ կերպով լուծեն խնդիրները, որոնք այսպես թե այնպես առաջանում են առևտրատնտեսական հարաբերություններում»,- ասել է Մեդվեդևը:



2014 թ. Ռուսաստանը Բելառուսին մոտ 2 մլրդ դոլար պետական վարկ է տրամադրել:

Նույն շարքից