Միջազգային 

Եթե Ցեղասպանության հարցում ԱՄՆ-ի դիրքորոշման մեջ փոփոխություն լինի, մեր հարաբերությունները կվնասվեն․ Չավուշօղլու

analitik.am

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական NTV հեռուստաալիքի հետ զրույցում խոսել է հայ-թուրքական հարաբերություններից՝ դրանց ձախողման մեղքը կրկին բարդելով պաշտոնական Երևանի վրա:



Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք Թուրքիան պատրաստվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո ակտիվացնել ջանքերը հայ-թուրքական արձանագրությունների հարցում՝ Չավուշօղլուն նշել է, թե «նախևառաջ անհարժեշտ է, որպեսզի Հայաստանը սովորի իր հարևանների հետ համերաշխ լինել»:



«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կապված է ոչ միայն ցեղասպանության պնդումների հետ, այլ նաև բռնազավթված (Արցախի ազատագրված տարածքները-խմբ.) հողերից դուրս գալու հետ: Հայաստանը պետք է ցույց տա, որ ցանկանում է տարածաշրջանում խաղաղության մեջ ապրել: Հայաստանը տարաձայնություններ ունի հարևան բոլոր պետությունների հետ, այս մասին պետք է մտածեն Հայաստանում: Այս ամենից հետո միայն կկարգավորենք Հայաստանի հետ հարաբերությունները»,-նշել է Թուրքիայի արտգործնախարարը:



Վերջինս խոսել է նաև Հայոց ցեղասպանության 100-ամյակին ԱՄՆ-ի՝ այս հարցում վարած քաղաքականությունից: «Եթե Միացյալ Նահանգների դիրքորոշման մեջ փոփոխություններ լինեն, ապա մեր հարաբերությունները վնասներ կկրեն: ԱՄՆ-ում գիտեն այդ մասին: Հուսով ենք, որ ԱՄՆ դիրքորոշումը չի փոխվի»,-հայտարարել է Չավուշօղլուն և հավելել, որ «այս տարի հայկական լոբբինգը զգալի ակտիվացել է և փորձում է միակողմանի հիշողության վրա գործունեություն ծավալել»:



Նա նաև նշել է, որ ապրիլի 20-21-ին այցով մեկնելու է Միացյալ Նահանգներ:

Նույն շարքից