Միջազգային 

Իրանի ԱԳՆ-ը կոշտ քննադատության է ենթարկել Թուրքիայի իշխանություններին

analitik.am

Իրանական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը երեկ դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այն խոսքերը, որ Իրանը, իբրև թե, փորձում է գերակայել տարածաշրջանում: Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր.

 

«Եմենում տեղի ունեցածը սկսում է ստուգել համբերության սահմանները: Իրանը փորձում է մեծացնել իր գերիշխանությունը տարածաշրջանում: Թույլատրելի՞ է դա: Իրանին անհրաժեշտ է վերանայել իր հայացքները, դուրս բերել Եմենում, Իրաքում ու Սիրիայում իր ռազմական ստորաբաժանումները»:

 

Զարիֆն իր հերթին դատապարտել է Եմենի տարածքում սաուդյան ավիացիայի ավիահարվածներին Անկարայի հայտնած աջակցությունը, ինչի հետևանքով զոհեր են գրանցվել խաղաղ բնակչության, այդ թվում նաև երեխաների շրջանում: Լոզանում լրագրողների հետ զրույցում Զարիֆը հայտարարել է.

«Ներկայիս պայմաններում յուրաքանչյուր երկրի ջանքերը պետք է ուղղվեն տարածաշրջանում կայունության ու անվտանգության պահպանմանը: Նրանք, ովքեր ռազմավարական սխալների ու հավակնոտ քաղաքականության պատճառով անդառնալի վնաս են պատճառել տարածաշրջանային անվտանգությանը, Իրանի դեմ մեղադրանքներ ներկայացնելու փոխարեն պետք է գործադրեն բոլոր ջանքերը, որպեսզի օգնեն վերականգնել տարածաշրջանի կայունությանը»:

 

Անդրադառնալով Եմենի ներքաղաքական ճգնաժամին` Զարիֆը հայտարարել է, որ երկրում կայունության ու անվտանգության վերականգնման միակ տարբերակը Եմենի քաղաքական ուժերի միջև ազգային երկխոսության վերականգնումն է: Նա ընդգծել է, որ Իրանը պատրաստ է աջակցել այդ երկխոսությանը: 

 

Նույն շարքից