Միջազգային 

G20-ի կազմակերպիչները պատահաբար բացահայտել են աշխարհի առաջնորդների անձնական տվյալները. The Guardian

analitik.am

G20-ի վերջին գագաթաժողովին մասնակցած առաջնորդների անձնական տվյալները պատահաբար բացահայտվել են Ավստրալիայի իմիգրացիոն բաժնի կողմից, որն անհրաժեշտ չի գտել այնուհետև տեղեկացնել առաջնորդներին գաղտնիության խախտման մասին, գրում է The Guardian բրիտանական թերթը:

 


Թերթի տվյալներով՝ գործակալության աշխատակիցը պատահաբար ուղարկել է գագաթաժողովին այցելած աշխարհի բոլոր առաջնորդների անձնագրերի համարները, վիզաների տվյալները և այլ անձնական տվյալներ Ասիայի ֆուտբոլի առաջնության գավաթի կազմակերպիչներին:


 

Նոյեմբերին Բրիսբենում կայացած գագաթաժողովն այցելած առաջնորդների թվում, որոնց տվյալները բացահայտվել են, եղել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Չինաստանի նախագահ Սի Ձինփինը, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն և Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:

 


Ավստրալիայի գաղտնիության հարցերով հանձնակատարի հետ է կապվել Ավստրալիայի իմիգրացիայի և սահմանների պաշտպանության հարցերով գերատեսչության վիզաների ծառայության բաժնի ղեկավարը՝ տվյալների արտահոսքի մասին տեղեկացնելու համար:

 


Հանձնակատարին ուղարկված նամակում նշվել է, որ տվյալների բացահայտման համար պատասխանատու է աշխատակիցը, ով սխալմամբ էլեկտրոնային նամակ է ուղարկել Ասիայի գավաթի կազմկոմիտեի անդամներից մեկին, ով այնուհետ ջնջել է նամակը: Ասիայի գավաթի կազմկոմիտեն վստահեցրել է, որ նամակը վերականգնել հնարավոր չէ և ջնջված է ողջ համակարգից:

Նույն շարքից