Միջազգային 

Ջոհար Ցարնաևը կարող է ելույթ ունենալ դատարանում, որպեսզի փորձի խուսափել մահապատժից

analitik.am

2013թ. Բոստոնի մարաթոնի ժամանակ ահաբեկչության համար մեղադրվող Ջոհար Ցարնաևը կարող է ցուցմունք տալ իր դատի ժամանակ, որպեսզի փորձի խուսափել մահապատժից: Այս մասին հայտնում է TASS-ը:



Կիրակի օրը իր էլեկտրոնային տարբերակում The New York Times թերթը հայտնել էր, որ դրա նպատակահարմարությունը ներկայումս քննարկում են նրա փաստաբանները:



Պարբերականը նշում է, որ ԱՄՆ-ում քրեական հանցագործությունների համար մեղադրյալները սովորաբար իրենք ցուցմունք են տալիս, եթե պնդում են, որ անմեղ են: Միաժամանակ, Ցարնաևի փաստաբանները դատի առաջին օրը հայտարարել են, որ իրենց պաշտպանյալը չի հերքում, որ մասնակցել է պայթյուններին: Պաշտպանների նպատակն է դատարանին համոզել, որ բոստոնյան ահաբեկչության հրահրողը եղել է Ջոհարի ավագ եղբայրը՝ Թամերլանը, որն արմատական հայացքներ է ունեցել, իսկ կրտսեր եղբայրն ընկել է նրա ազդեցության տակ: Եթե փաստաբաններին դա հաջողվի, Ջոհար Ցարնաևը հնարավորություն կունենա խուսափել մահապատժից, որը պահանջում է դատախազությունը:



«Արդյոք արժե՞ մեղադրյալին թույլ տալ, որ ինքը ցուցմունք տա. շատ բարդ հարց է պաշտպանության թիմի համար: Մի կողմից՝ նա կարող է իրեն վատ դրսևորել խաչաձև հարցաքննության ժամանակ, որին նրան կենթարկի մեղադրող կողմը:



Մյուս կողմից՝ եթե նա ելույթի ժամանակ ցույց տա, որ անկեղծորեն զղջում է իր արածի համար, դա կարող է շարժել երդվյալ ատենակալների խիղճը»,- նշում է պարբերականը: Թերթը գրում է, որ Ցարնաևի օգտին կարող է լինել նաև այն փաստը, որ ձերբակալության ժամանակ նա լուրջ հրազենային վնասվածքներ է ստացել:



Նրանում, որ երդվյալ ատենակալները Ցարնաևին միաձայն մեղավոր կճանաչեն, գործնականում կասկած չկա: Սակայն որոշումը՝ նա մահապատժի է արժանի թե ոչ՝ ևս պետք է միաձայն լինի: Եթե երդվյալ ատենակալներից թեկուզ մեկը դեմ լինի, Ցարնաևը կխուսափի մահապատժից:

Նույն շարքից