Տնտեսություն 

«Շիրակ» օդակայանի ուղևորները կազատվեն 10.000 պետտուրքից, Շիրակ են հրավիրվում բյուջետային ավիաընկերությունները

analitik.am

«Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ՀՀ օդային տրանսպորտի միջոցով ելքի համար Գյումրիի Շիրակ օդանավականի ուղևորներին ազատել 10.000 դրամ պետական տուրքի վճարումից, նպատակ ունի խրախուսել բյուջետային ավիաընկերությունների մուտքը Գյումրի: Ներկայումս մի քանիսի հետ նման բանակցություններ վարվում են: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Ավետիսյանը:

Ըստ նրա՝ նշված օրենքի ընդունումը պայմանավորած է մի շարք, մասնավորապես, ներգնա զբոսաշրջության զարգացման, բյուջետային ավիաընկերությունների ներգրավման, ինչպես նաև ՀՀ ավիափոխադրումների շուկայում ուղևորների ավելացման միտումներին նպաստելու հանգամանքներով:

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում այս 11 ամիսների ընթացքում գրանցվել է 19.000 ուղևորի հոսք, նախորդ տարի՝ 36.000:

 

Օրենքի նախագծի ազդեցությունը գնահատվում է  119 միլիոն դրամ, այսինքն՝ այդքան գումար պետական բյուջե չի մտնի:

 

Պատգամավոր  Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե ինչու են արվում փոփոխությունները, ինչին ի պատասխան փոխնախարարը կրկնեց, որ օդանավակայանը բյուջետային ավիաընկերությունների համար գրավիչ դարձնելն է:

«Բյուջետայինների հետ վարվում են  բանակցություններ, հիմա շուտ է խոսել թվերի մասին»,-ավելացրեց փոխնախարարը:

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, ով երիտասարդ փոխնախարարին չէր ճանաչում, հարցրեց՝ «էկոնոմիկայի՞ց եք»։

Նա ողջունելի համարեց օրինագիծը և նկատեց, որ այս դեպքում մարդիկ 120 կիլոմետր կգնան և կթռչեն Գյումրիից, ոչ թե «Արմենիա միջազգային օդակայաններից»:
Այս համատեքստում նա նկատեց, որ օրինակ հարևան Վրաստանում «Պոլշա, Վարշավա են թռնում Քութաիսիից՝ 60 եվրոյով» ու հարցրեց, թե ինչ զանգվածի վրա են ցանկանում աշխատել այդ նախագծով:

Փոխնախարար Սերգեյ Ավետիսյանը համաձայնեց, որ 10.000 դրամի հետ կապված որոշակի հոսքային տեղափոխություն կլինի և տեղեկացրեց, որ ծրագրով նախատեսվում է «մի զանգված վերցնել», որը նախկինում չէր սպասարկվում:

Նույն շարքից