Միջազգային 

Կարսում Ադրբեջանի հյուպատոսը խոսել է հորինված «ադրբեջանցիների ցեղասպանության օրվա» մասին

analitik.am

Ներկայիս Թուրքիայի Կարս քաղաքում ադրբեջանցիները հյուպատոսի մակարդակով խիստ հակահայ միջոցառում են անցկացրել։ Այս մասին գրում է թուրքական «Ռադիկալ» պարբերականը։



Կարսում Ադրբեջանի հյուպատոս Այհան Սյուլեյմանլըն, խոսելով մարտի 31-ին իրենց կողմից հորինված «ադրբեջանցիների ցեղասպանության օրվա» մասին, պատմական խեղաթյուրված փաստեր է հնչեցրել՝ հայերին մեղադրելով ադրբեջանցիների կոտորածի, ինչպես նաև «իրենց սեփական հողերից» վռնդելու մեջ։



Սյուլեյմանլըն, հավատարիմ մնալով զավեշտի սահմաններ չճանաչող Ադրբեջանի վարած քաղաքականությանը, հայտարարել է, որ 1918 թվականին հայերի կողմից կոտորվել են հազարավոր ադրբեջանցիներ։



Նշենք, որ Թուրքիան ակտիվորեն օգտագործում է «Խոջալուի դեպքերը»՝ իր հակահայ քարոզչության համար: Պաշտոնական Անկարան «Խոջալուի դեպքերի» համար հայերին մեղադրում է «ադրբեջանցիների կոտորածի ու ցեղասպանության» համար և իր պնդումներն ակտիվորեն թմբկահարում միջազգային հարթակում:



Յուրաքանչյուր տարվա փետրվար ամսին թուրքական իշխանությունները երկրի ողջ տարածքում ակտիվացնում են «Խոջալուի դեպքերի» հետ կապված գործունեությունը, ինչն ուղեկցվում է խիստ հայատյաց տրամադրություններով: Միևնույն ժամանակ, թուրքական պետության հետ մեկտեղ՝ ադրբեջանական լոբբին ևս ակտիվորեն կազմակերպում է տարատեսակ միջոցառումներ, քարոզչական արշավներ՝ Թուրքիայում հակահայ կրքեր բորբոքելու համար:

Նույն շարքից