Իրանի արտգործնախարար Զարիֆը հայտարարել է, որ Լոզանում Իրանի, վեցնյակի և միջազգային միջնորդների միջև բանակցությունների ավարտի համար գրաֆիկ գոյություն չունի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Զարիֆն ասել է, որ տարբեր ներգրավված երկրների արտգործնախարարները, որ ավելի վաղ հեռացել էին Լոզանից, կարող են վերադառնալ` «բանակցությունների ավարտի համար»: Խոսելով բանակցություններից իր գոհունակությունից` Զարիֆն ասել է, որ ավելի գոհ կլիներ, եթե դրանք ավարտված լինեին նախօրեին:
Առայժմ` բանացությունների այս փուլում, նաև որոշված չէ այն քաղաքական փաստաթղթի ձևաչափը, որ կողմերը կկարողանային ստորագրել:
Նույն առիթով ՌԻԱ Նովոստին փոխանցում է Սպիտակ տան հայտարարությունը, որի համաձայն Լոզանում Իրանը հստակ պարտավորություններ չի ստանձնել: Մյուս կողմից, սակայն, ամերիկյան կողմը «արդյունավետ» է գնահատել Լոզանի բանակցությունները:
Սպիտակ տունը նաև հրաժարվել է կանխատեսում անել, թե երբ կավարտվեն բանակցությունները Իրանի միջուկային ծրագրի շուրջ: Վաշինգտոնն ասել է նաև, թե կարող է լքել բանակցությունները, եթե նման անհրաժեշտություն առաջանա: