Ուկրաինայի դեպքերից է կախված մի շարք երկրների ճակատագիրը, ներառյալ՝ Վրաստանինը։ Այդ մասին «112 Украина» ալիքին ասել է Վրաստանի նախկին նախագահ, ներկայում Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխեիլ Սաակաշվիլին, փոխանցում է apsny.ge-ն։
«Ինձ համար մեծ պատիվ է աշխատել ուկրաինացի և միջազգային գործընկերների հետ՝ Ուկրաինայում հակակոռուպցիոն օրենսդրության բարեփոխման և այլ հարցերի շուրջ։ Կարծում եմ՝ հենց այդ պատճառով է Ուկրաինան այդպես վարվել»,- այսպես է Սաակաշվիլին մեկնաբանել այն, որ Ուկրաինան հրաժարվել է արտահանձնել իրեն Վրաստանին։
Նա նաև նշել է, որ Ինտերպոլը ոչ մի կերպ չի արձագանքել իր հետախուզման վերաբերյալ հարցմանը, քանի որ դա քաղաքական գործ է, և Ինտերպոլի կանոնադրությունն արգելում է մասնակցել քաղաքական գործերին։
«Ես կմեկնեմ Վրաստան, բնականաբար, կմեկնեմ շատ շուտով, ինչպես ազատ մարդ, և կազատեմ իմ երկիրը պուտինյան ազդեցությունից։ Կշարունակեմ այն բարեփոխումները, որոնք մենք անցկացրել ենք վերջին տարիներին։ Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Ուկրաինայում ամեն ինչ լավանա, քանի որ դրանից է կախված շատ երկրների ճակատագիրը, ներառյալ՝ Վրաստանինը»,- հայտարարել է Սաակաշվիլին։