Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ Եվրասիական տնտեսական միությունում միասնական արժույթ ներդնելու հարցն այսօրվա հարց չէ, գրում է ria.ru-ն:
«Հարց. ինչպե՞ս է գործելու այդ արժութային միությունը կամ ինչպե՞ս է միասնական արժույթը գործելու: Բայց այդ հարցն օրակարգում պետք է վերջինը լինի, այլ ոչ առաջինը»,- հայտարարել է Լուկաշենկոն Bloomberg-ին տված հարցազրույցում, որի հատվածները հինգշաբթի օրը տարածել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը:
Լուկաշենկոյի կարծիքով՝ ԵՏՄ-ում գոյություն ունեն այլ խնդիրներ և մարտահրավերներ, որոնք անհրաժեշտ է արագ լուծել:
«Երբ մենք Աստանայում երեքով քննարկում էինք միասնական արժույթի ստեղծման հարցը, ՌԴ նախագահ Պուտինն ասում էր, որ որպեսզի ավելի խորը տնտեսական համագործակցություն լինի, մենք մի օր կանգնելու ենք միասնական արժույթի ստեղծման հարցի առաջ: Դե հնարավոր է՝ կանգնենք այնպես, ինչպես եվրոն է հայտնվել Եվրամիությունում, հնարավոր է: Բայց դա այսօրվա հարց չէ»,- ընդգծել է նա: