ԱՄՆ սենատոր Ռիչարդ Դուրբինը հայտարարությամբ է հանդես եկել՝ կոչ անելով ԱՄՆ-ի իշխանություններին մի շարք խնդիրների՝ Ուկրաինայի դեմ ագրեսիայի, «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի, Սիրիայում պատերազմի ֆոնին չմոռանալ նաև քաղաքական ազատությունների համար պայքարի մասին։
«Ես կցանկանայի հիշատակել մի քանի խիզախների, որոնք ազատազրկված են ժողովրդավարական արժեքներ տարածելու համար։ Նախ՝ ես խորապես մտահոգված եմ Ադրբեջանում իրավապաշտպանների նկատմամբ ճնշումներով։ Դա վտանգավոր միտում է, որը վերջին տարիներին ավելի է վատացել»,-ասել է նա, փոխանցում է contact.az-ը։
Սենատորը հիշեցրել է, որ New York Times-ն իր խմբագրականում նախագահ Իլհամ Ալիևին նկարագրում է որպես մարդ, ով ձգտում է համոզել ողջ աշխարհին, որ նա լավ հարաբերություններ ունի Արևմուտքի հետ, սակայն միևնույն ժամանակ ստեղծել է մարդու իրավունքների խախտումների ամենասարսափելի ձևաչափը։
Դուրբինը նկարագրել է նաև «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական գրասենյակի փակվելու, լրագրող Խադիջա Իսմայիլովայի և այլ ակտիվիստների ձերբակալությունների շուրջ ստեղծված իրավիճակը։
«Ես Ալիևին կոչ եմ անում ազատ արձակել իր քաղաքացիներին, որոնց միակ հանցանքն այն է, որ ցանկանում են ապրել խաղաղ, ժողովրդավարական Ադրբեջանում։ Նա պետք է իմանա, որ չի կարող արևմտյան հանրության մաս լինել՝ ժողովրդավարական հիմնական սկզբունքները խախտելով»,- ասել է նա։