Բելառուսը չի դառնա Ռուսաստանի մասը, և ռուսական ղեկավարությունը երբեք հարցն այդպես չի դրել, հայտարարել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Bloomberg-ին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Ռուսաստանի ղեկավարությունը երբեք չի դրել այդ հարցը, որ Բելառուսը պետք է լինի Ռուսաստանի կազմում։ Մենք եղել ենք և կանք ինքնիշխան, անկախ պետություն։ Այդպես էլ կմնանք»,- ասել է Լուկաշենկոն։
Նախագահի կարծիքով՝ Ռուսաստանում շատ քաղաքական գործիչներ կան, ովքեր մտածում են կայսերական ձևով և այլ կերպ չեն պատկերացնում, քան այն, որ «Բելառուսը պետք է լինի ինչ-որ հյուսիս-արևմտյան մարզ»։
«Դրան մենք կոնկրետ պատասխան ենք տալիս՝ մենք չենք լինի հյուսիս-արևմտյան մարզ։ Ինչպես և երբեք, ինչպես ես եմ հասկանում, չենք հակամարտի Ռուսաստանի հետ»,- նշել է նախագահը։
Նրա խոսքով՝ ռուսական ղեկավարությունը պատճառ չունի նույնիսկ վատ առումով նայել իրենց կողմը, «նրան չի հասկանա ռուս ժողովուրդը, ռուսները չեն հասկանա»։ «Ի՞նչ կարիք կա պատերազմել մեր դեմ։ Չկա պատճառ։ Այդ պատճառով էլ ես նույնիսկ չեմ մտածում, որ Ռուսաստանը կպատերազմի Բելառուսի դեմ»,- նշել է Լուկաշենկոն։
Նախագահը կարծում է, որ հարևան երկրների գործերին միջամտելու մեղադրանքներ կարելի է հասցեագրել, մասնավորապես, ամերիկացիներին և ԵՄ-ին։ «Ի՞նչ էր ձեզ պետք Լիբիայում, Իրաքում, այլ երկրներում։ Այնտեղ կենսական կարևորություն ունեն ձեր շահերը»,- ասել է Լուկաշենկոն՝ հավելելով, որ ուկրաինական դեպքերից հետո Բելառուսի և ՌԴ-ի հարաբերությունները բացարձակ չեն փոխվել։