Թուրքիայի Աքշեհիր քաղաքի զբոսաշրջության ոլորտի պատասխանատուները Քոնիայի նահանգում տուրիզմը զարգացնելու նպատակով տարատեսակ միջոցառումներ են անցկացրել, որոնց շրջանակներում արտասահմանցի զբոսաշրջային գործակալներին առաջարկել են այցելել նաև քաղաքի հայկական եկեղեցին։ Այս մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Ծրագրի շրջանակներում հյուրերին ցույց են տվել Աքշեհիրի զբոսաշրջության տեսանկյունից կարևոր բոլոր վայրերը, այդ թվում նաև 19-րդ դարում կառուցված հայկական եկեղեցին։
Թուրքական իշխանությունները 2013 թվականին սկսել են պատմական եկեղեցու վերանորոգման աշխատանքները՝ այն մշակութային կենտրոնի և քաղաքի զբոսաշրջային կարևոր վայրերից մեկը դարձնելու նպատակով։
Նշենք, որ ժամանակին եկեղեցին սպասարկել է 500 հոգանոց հայ համայնքը, սակայն այժմ Աքշեհիրում հայեր գրեթե չեն բնակվում։