Միջազգային 

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն ավարտվել են

Լոզանում ավարտվել է Իրանի և վեցնյակի` Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունների լիագումար նիստը: Այս մասին հայտնում է Russia Today-ը:

 

Իրանի ԱԳՆ-ն Twitter-ի իր էջում գրառում է արել` տեղեկացնելով, որ «լուծում է գտնվել»: Իրանի արտգործնախարար Զարիֆը, մասնավորապես, գրել է . «Իրանի միջուկային ծրագրի հարցերով լուծումները գտնված են: Կարելի է անմիջապես սկսել աշխատանքը համաձայնության նախագծի շուրջ»:

 

Այնուհետև Իրանի արտգործնախարար Զարիֆը, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին  և ԵՄ-ի արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆրեդերիկա Մոգերինին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

 

Նրանք, մասնավորապես, ասել են, որ կողմերը ժամանակավոր քաղաքական համաձայնության են եկել, իսկ համապատասխան համաձայնագրի պատրաստումը կպահանջի 3 ամիս:

Հստակեցվել է, որ ուրանի հարստացման իրանական հնարավորությունների  2/3-րդը կդադարեցվի 10 տարվա ընթացքում, իսկ ուրանի պահուստների մեծ մասը «կապահարստացվի» կամ դուրս կբերվի երկրի սահմաններից դուրս:

 

Միաժամանակ՝ Իրանում ուրանի հարստացում տեղի կունենա Նանտեզի ատոմային կենտրոնում, իսկ Ֆորդոյի միջուկային օբյեկտը կվերածվի հետազոտական կենտրոնի:

«Իրանի դեմ ամերիկյան և եվրոպական պատժամիջոցները աստիճանաբար կհանվեն»,- ասել է Մոգերինին:

 

Արդեն տևական ժամանակ է՝ Իրանը, վեցնյակը և միջազգային միջնորդները բանակցություններ են վարում, որոնց նպատակն է՝ ապացուցել Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը:

France-Presse-ը փոխանցում է նաև Իրանի նախագահ Ռուհանիի հայտարարությունը, ով ասել է, որ մինչև հունիսի 30-ը կազմված կլինի նաև «միջուկային գործարքի» համաձայնագիրը:

 

Մոգերինին հայտարարել է, սակայն, որ Իրանի և վեցնյակի համաձայնությունը պետք է դեռ արժանանա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանությանը:

 

Russia Today-ը հայտնում է, որ այս լուրերի ֆոնին նավթի համաշխարհային գները ընկել են 5 տոկոսով:

Նույն շարքից