Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանը երեկ ՄԱԿ ԱԽ-ի դիտարկմանն է ներկայացրել Եմենի մասին բանաձևը:
Դրանում խոսք է գնում Եմենին հասցվող ավիահարվածների ժամանակ պարտադիր հումանիտար ընդմիջումներ հաստատելու մասին: Ռուսական կողմի կարծիքով` այդ միջոցն անհրաժեշտ է մարդկանց տարհանելու և հումանիտար օգնություն ցուցաբերելու համար:
Փաստաթուղթը ՄԱԿ ԱԽ-ի անդամների շրջանում տարածվել է Ռուսաստանի նախաձեռնությամբ գումարված փակ խորհրդակցության ժամանակ: Հանդիպումից առաջ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Սաֆրոնովը լրագրողներին հայտնել է, որ Եմենում նման ընդմիջումներ մտցնելը շատ կարևոր է, քանի որ Եմենում են գտնվում դիվանագիտական անձնակազմն ու քաղաքացիական անձինք:
Երեկ անհապաղ 24-ժամյա ընդմիջման կոչով հանդես է եկել Կարմիր խաչի միջազգային կոմիտեն` Եմենի բնակչությանն օգնելու համար: