Թուրքիայում անցած շաբաթ էլեկտրամատակարարման անջատումների պատճառը եղել է էներգիայի բաշխման համակարգի խափանումը: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Թաներ Յըլդըզը:
Թուրքիայի էներգահամակարգում լուրջ վթար տեղի է ունեցել մարտի 31-ին՝ մեր ժամանակով 11:36-ին: Դրա հետևանքով 6-10 ժամով էներգամատակարարում չի ունեցել երկրի գրեթե ամբողջ տարածքը: Առանց լույսի է մնացել թուրքական 81 նահանգից 80-ը:
«Շատ բացասական գործոններ համատեղվել էին: Դա եզակի դեպք է: Մի վայրկյանում 5 էներգաբաշխիչ գիծ շարքից դուրս է եկել: Արևելքից արևմուտք գնացող էլեկտրափոխանցման գծի ծանրաբեռնվածությունը գերազանցել է թույլատրելի սահմանը: Տեղի է ունեցել դրանց ավտոմատ անջատում, երկրի արևմտյան և արևելյան մասերի միջև կապն ընդհատվել է»,- ասել է Յըլդըզը:
Նա հավելել է, որ բացի տեխնիկական խափանումից՝ որպես վթարի պատճառ դիտարկվում է նաև օպերատորների սխալը: Թուրքիայի Էներգաբաշխիչ ընկերության (TEIAS) տնօրեն Քեմալ Յըլդըզը հրաժարական է տվել, ընկերության մի շարք աշխատակիցներ հեռացվել են աշխատանքից մինչև վթարին առնչության նրանց դերը պարզելը, հայտնել է նախարարը: