Միջազգային 

Թուրքիայի դատական իշխանությունները Google-ին 4 ժամ են տվել՝ տեղի օրենսդրությունը խախտող մի շարք նյութեր բաց հասանելիությունից հանելու համար

analitik.am

Թուրքիայի դատական իշխանությունները Google ընկերությանը 4 ժամ են տվել՝ տեղի օրենսդրությունը խախտող մի շարք նյութեր բաց հասանելիությունից հանելու համար: Anadolu գործակալության հաղորդմամբ՝ եթե փրովայդերները չկարողանան հասնել նրան, որ հայտնի որոնողական համակարգը կատարի դատարանի վճիռը, ապրիլի 7-ին, ժամը 01:30-ից, համաշխարային ցանցի ազգային սեգմենտից Google-ի ծառայությունների հասանելիությունը կդադարեցվի:



Ստամբուլի դատարանն իր որոշումը հիմնավորել է «ազգային անվտանգության ապահովման, հասարակական կարգի պաշտպանության, օրենսդրության խախտումների կանխարգելման» անհրաժեշտությամբ: Իշխանությունները պահանջում են Google-ին պատկանող YouTube-ից ջնջել սպանված դատախազ Սելիմ Քիրազին պատանդ վերցնելու վերաբերյալ նյութերը:



Արգելափակումների մասին դատարանների վճիռները ընդգրկող ռեսուրսների տերերի հետ բանակցությունների համար փրովայդերներին օրենքով տրվում է 4 ժամ:



Ավելի վաղ նման վճիռ դատարանը կայացրել է Twitter և Facebook սոցցանցերի նկատմամբ: Նրանց ղեկավարությունը կատարել է դատարանի վճիռը. ներկայումս Թուրքիայում այդ ռեսուրսներին հասանելիությունը բաց է:



Անցած շաբաթ Թուրքիայի «Հեղափոխական ժողովրդա-ազատագրական կուսակցություն-ճակատ» (DHKP-C) ձախակենտրոն ծայրահեղական խմբավորման գրոհայինները Ստամբուլում պատանդ են վերցրել, այնուհետև սպանել դատախազ Սելիմ Քիրազին: Երկու ահաբեկիչները ոչնչացվել են հատուկ գործողության ժամանակ: Պատանդի՝ ատրճանակը գլխին լուսանկարը տարածվել է սոցցանցերում և հրապարակվել թուրքական որոշ ԶԼՄ-ների կողմից: Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն դատապարտել է Քիրազի լուսանկարի հրապարակումը և հայտարարել, որ դա վիրավորում է դատախազի հարազատների զգացմունքները:

Նույն շարքից