Բելառուսի կենտրոնական բանկը ժամանակավորապես սահմանել է 30 տոկոս հարկ՝ բնակչության և ընկերությունների կողմից արտարժույթ գնելու դեպքում: Թե ինչ ժամանակահատվածի համար է սահմանվել հարկը, չի հստակեցվում, գրում է korrespondent.net-ը:
Նման որոշում է կայացվել երկրում արտարժույթի մեծացած պահանջարկի պատճառով, ինչպես նաև՝ ելնելով հարևան պետություններում, մասնավորապես՝ Ռուսաստանում տնտեսական իրավիճակից, նշվում է հաղորդագրության մեջ:
Կենտրոնական բանկում պարզաբանել են, որ ընկերությունները և բանկերը կվճարեն հարկը բորսայում արտարժույթ գնելիս, իսկ ֆիզիկական անձինք՝ որպես միջնորդավճար վարկային կազմակերպություններում: Վճարված միջոցները կուղղվեն պետական բյուջե:
Բացի այդ, արտահանող ընկերություններն այժմ պարտավոր են վաճառել պետությանը իրենց արտարժութային շահույթի կեսը:
«Ձեռնարկված միջոցները թույլ կտան մեծացնել բելառուսական ռուբլիով խնայողությունների գրավչությունը, հավասարակշռել արտարժութային շուկան արտարժույթի մեծացած պահանջարկի պայմաններում և թույլ չտալ սպեկուլյատիվ տրամադրությունների աճ»,- ասված է Բելառուսի կենտրոնական բանկի հաղորդագրության մեջ: