Միջազգային 

Ստամբուլի գլխավոր դատախազությունում Հրանտ Դինքի սպանությանը առնչվող թղթապանակն անհետացել է

analitik.am

«Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության ժամանակաշրջանում Ստամբուլի նահանգապետ եղած Մուամմեր Գյուլերի անձեռնմխելիության ժամկետն ավարտվում է հունիսի 7-ին:

 


Ինչպես տեղեկացնում է թուրքական T24 կայքը, հունիսի 7-ին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո նախկին նահանգապետ և նախկին ՆԳ նախարար Մուամմեր Գյուլերի անձեռնմխելիությունը կվերանա և Դինքի սպանության իրականացմանը նպաստած նրա թերացումները կհայտնվեն օրակարգում։ Սակայն Ստամբուլի գլխավոր դատախազությունում նախկին նահանգապետ Գյուլերին առնչվող թղթապանակն անհետացել է։

 


Տարածված տեղեկության համաձայն՝ Գլխավոր դատախազության աղբյուրներն ասել են, որ թղթապանակն իրենց չի հասել։ Այն գտնելու համար դեռ որևէ գործընթաց չի սկսվել։


 

Ստամբուլի գլխավոր դատախազությունը, Սահմանադրական դատարանի որոշումից հետո, Հրանտ Դինքի սպանության ընթացքում պաշտոնյաների դեմ քննություն էր սկսել՝ պաշտոնական պարտականությունները չկատարելու մեղադրանքով։

 


Այդ գործի շրջանակում հարցաքննվել և ձերբակալվել էին Հետախուզության վարչության նախկին պետ Ռամազան Աքյուրեքը, Ջիզրեի ոստիկանապետ Էրջան Դեմիրը, ոստիկաններ Օզքան Մումջուն, Մուհիթթին Զենիթը։

 


Սպանության ժամանակահատվածում Տրապիզոնի ոստիկանապետ եղած Ռեշաթ Ալթայը, ոստիկանության հետախուզական վարչության նախկին ղեկավար Սաբրի Ուզունը, Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթթին Ջերրահը, Ստամբուլի հետախուզական վարչության պետ Ահմեթ Իլհան Գյուլերը և փոխնահանգապետ Էրգուն Գյունգորը հարցաքննվել էին որպես կասկածյալներ։

 


Սպանության գործով մեղադրյալներ Էրհան Թունջելը, Յասին Հայալը, Օգյուն Սամասթը հարցաքննվել են որպես վկաներ։
 

Նույն շարքից