Միջազգային 

Տոկիոյում ձյուն է տեղացել և ձմեռային եղանակ է հաստատվել

Տոկիոյում ձյուն է տեղացել և ձմռան կեսերին հատուկ եղանակ է հաստատվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։



Ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունն անսպասելի էր Տոկիոյի բնակիչների համար։ Դեռ երկուշաբթի օդի ջերմաստիճանը գրանցվել էր զրոյից բարձր 22 աստիճան։ Տոկիոյի բնակիչները վայելում էին ջերմ եղանակն ու զբոսնում էին այգիներում` սակուրայի դեռևս չթափված ծաղիկներով զմայլվելու համար։ Չորեքշաբթի օդի ջերմաստիճանը նվազել է` հասնելով 2,8 աստիճանի, և օդերևութաբանների կանխատեսումներով` այսօր չարժե տաք եղանակ ակնկալել։ Նագանո շրջանում ձյան ծածկույթը կազմել է 6 սմ, Տոտիգի շրջանում` 2 սմ։



Սակուրայի ծաղկման շրջանը ճապոնացիների մոտ սովորաբար ասոցացվում է կայուն  հաստատված գարնան հետ, իսկ տնային տնտեսուհիները այդ ընթացքում հավաքում են ձմեռային իրերն ու տաք ծածկոցները, մաքրման են տալիս վերարկուներն ու բաճկոնները։ Այս տարի շահեկան դիրքում հայտնվեցին նրանք, ովքեր չեն շտապել նախապատրաստվել գարնանը։



Վերջին անգամ ապրիլյան ձյուն էր տեղացել Տոկիոյում հինգ տարի առաջ։



Օդերևութաբանների կանխատեսումներով` առաջիկա երկու օրը Տոկիոյում սպասվում է ցուրտ եղանակ և անձրևներ։ Ուրբաթ օդի ջերմաստիճանը կկազմի գրեթե 6 աստիճան։

Նույն շարքից